Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյոք ազդեցիկ ուղերձ են կուսակցությունների տեսահոլովակները

Ապրիլ 10,2012 11:57

Կուսակցությունները թյուրիմացության մեջ են` կարծելով, թե հեռուստատեսությամբ հեռարձակվող նախընտրական քարոզչությունը խիստ որոշիչ դեր է ունենում ընտրությունների արդյունքների վրա: Սակայն հենց այս ելակետով է յուրաքանչյուրը փորձել իր երեւակայության սահմաններում լուծել ընտրողներին գրավելու խնդիրը` հոլովակի տեքստն ու պատկերը համադրել այնպես, որ ստացվի հնարավորինս ազդեցիկ ուղերձ:
Հանրապետական կուսակցությունն առանձնապես չի ջանացել փնտրել ընտրողի սիրտ տանող ճանապարհը: Այս կուսակցության նախընտրական հոլովակի սցենար է ծառայել ՀՀԿ 13-րդ համագումարին կուսակցության առաջնորդ եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Տեքստն ընթերցում է դերասան Հրանտ Թոխատյանը. այնտեղ ասվում է. «Մենք սիրում ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա»: Փոխարեն ասելու` «Մենք ստիպված ենք կենտրոնանալ մեր կյանքի ծանրությունների վրա»: Որպես «կյանքի ծանրություն»` ներկայացվում են խցանումները, չսափրված, հուսահատ դեմքով տղամարդիկ, կեղտոտ մայթերը: Ինչ արժե միայն արտահայտությունը, թե չենք էլ ջանում նկատել «անտեսանելի Հայաստանը»: Անտեսանելի Հայաստանում երջանիկ եւ ֆոտոգենիկ մարդիկ են, մեր շախմատիստներն ու ֆուտբոլի ազգային հավաքականը: Անգամ` գորգագործ մի կին: Կարճ ասած, գրեթե նույն կադրերն են, որոնք վաղուց արդեն նույնությամբ կրկնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվերով նկարահանված բոլոր տեսահոլովակներում: ՀՀԿ քարոզարշավի կադրերը իրավունք ունեն հավակնել դառնալու Ալլա Լեւոնյանի, Շուշան Պետրոսյանի կամ Լեյլա Սարիբեկյանի երգերին ներդաշնակ տեսաշար: 

Հարյուր-հազարավոր անդամներ ունեցող ԲՀԿ-ի նախընտրական հոլովակներում այս կուսակցությունից միայն մեկ հոգի է երեւում խոշոր պլանով. Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ համագումարում: Գագիկ Ծառուկյանը` ժողովրդի հետ: Գագիկ Ծառուկյանը` ամբիոնի առաջ ներկայացնում է իր պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նրա յուրաքանչյուր գործողությունից առաջ եւ հետո կուսակցական ընկերներն ու բոլոր ներկաներն անզուսպ ծափահարում են: ԲՀԿ առաջնորդը նաեւ գտել է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքում իր ազդեցությունը հիմնավորող բառերը. դա տեղի է ունեցել «Աստծո կամոք»: 

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ էլ նախընտրել է արխաիկ բառամթերքը եւ արտիստիկ ոճը: Տպավորիչ է հոլովակի աշխարհագրությունը` Չարենցի կամարի ուղիղ կենտրոնում: Առջեւում Արարատն է: Այս տեսարանի «ներքո» այնքան էլ ներդաշնակ չեն ընկալվում` «Ասեք ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին» խոսքերը: Իսկ վերջաբանը` «Գալիս ենք: Դուք գալի՞ս եք», խիստ սպառնալից է հնչում: Ինքնապաշտպանական բնազդը հուշում է առանց մտածելու պատասխանել. «Ո՛չ, չեմ գալիս, գնացեք միայնակ»: 

ՀԱԿ-ն իր նախընտրական հոլովակում առաջնահերթությունը տվել է զանգվածային տեսարաններին: Սուրբ Հարության խորհրդի ու ՀԱԿ հաղթանակի միջեւ զուգահեռներ անցկացնելը փոքր-ինչ հանդուգն գաղափար է: Հատկապես, որ համեմատությունն ամենեւին տեղին չէ: Սակայն այնպես էլ չէ, որ Փրկչի հետ զուգահեռներ անցկացնելն անհնար է: Հոլովակի կադրերը հիշեցնում են «Հիսուս Քրիստոս` գերաստղ» ֆիլմ-օպերան. միմյանց կիպ կպած մարդկանց շարքերն իր հմայքով եւ ինտելեկտով ճեղքում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու մոտենում ամբիոնին: Այնտեղ` ներքեւում, նրա ձեռքի շարժմանն ու խոսքին են սպասում տասնյակ-հազարները: 

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30