Լրահոս
Օրվա լրահոսը

Գծի խնդիրը

Ապրիլ 10,2012 10:21

Կասկած չկա, որ ՀՀ խորհրդարանի առաջիկա ընտրության գլխավոր տեխնոլոգիաներից մեկը լինելու է ընտրակաշառքը: Նկատի ունենալով ՀՀ հասարակության սոցիալական ծանրագույն վիճակը, նաև քաղաքացիական գիտակցության, մեղմ ասած, ցածր մակարդակը, ինչպես նաև ընդդիմադիր դաշտի վարկանիշային ոչ այնքան լավ ժամանակահատվածը, կարող ենք եզրակացնել, որ այդ տեխնոլոգիան բավական արդյունավետ աշխատելու հավանականություն ունի: Այդպիսով, Հայաստանում կարող է ստացվել իսկապես այն, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունը կրկնվի պարզապես հանրապետական մասշտաբով:

Այս ամենին ընդդիմությունն առայժմ հակադրում է քաղաքացիներին ուղղված կոչն այն մասին, որ չի կարելի ձայնը ծախել 5000 դրամի կամ 10 հազար դրամի դիմաց, որովհետև այդ գնով ձեռք բերված ձայնը հետո բումերանգի նման գալու է և հարվածի այդ քաղաքացուն, նրա շահին, իրավունքին, որդու և դստեր ապագային: Միամիտ լինել պետք չէ, ու պետք չէ կարծել, թե ընդդիմությունն այդօրինակ կոչերով կարող է փոխել իրավիճակն ու նպաստել քաղաքացիական գիտակցության կտրուկ վերելքին: Իսկ երբ դրան էլ գումարվի անձնագրային աճպարարությունը, որ պատրաստում է իշխանությունը, ապա մայիսի 6-ից հետո իրականացած կլինի «անաղմուկ ընտրություն» օպերացիան, որ ծրագրում է իշխանությունը: Ընդդիմությունն ունի մոտ մեկ ամիս ժամանակ, իրավիճակը փոխելու համար:

Ի՞նչ հնարավորություններ կան այդ իրավիճակն արդյունավետ օգտագործելու համար, բացի, իհարկե, եղած կոմունիկացիաներից, երբ պարզապես քաղաքացիներին փորձ է արվում բացատրել, որ ձայն վաճառելը ելք չէ, որ այն ավելի է բարդացնում թե՛ երկրի, թե՛ հենց տվյալ քաղաքացու վիճակը: Գլխավոր հնարավորությունն ընդդիմությունը չկարողացավ օգտագործել՝ միասնական ընդդիմադիր ճակատ ընդդեմ իշխող համակարգի: Դա ենթադրում է ոչ թե ընդդեմ ՀՀԿ-ի, այլ իշխող համակարգի, այսինքն` ընդդիմությունը չկարողացավ գիծ քաշել: 2008 թվականի ընտրական աննախադեպ հաջողության գրավականը հենց այն էր, որ ընդդիմությունը հստակ գիծ էր քաշել՝ ժողովրդական շարժման և ավազակապետության միջև: Ներկայումս ընդդիմադիր դաշտը առավելապես կուսակցականացված է, անգամ Հայ ազգային կոնգրեսը, որ հանդես է գալիս իբրև ժողովրդական շարժում, իր բնույթով և գործունեության տրամաբանությամբ վերածվել է կուսակցության:

Գծի բացակայության պայմաններում դաշտը էապես լղոզվում է, իսկ լղոզված դաշտում առավելություն է ստանում իշխանությունը, քանի որ իշխանության տեխնոլոգիաներն ու գործիքները Սահմանադրության և օրենքի շրջանակից դուրս են: Իսկ Սահմանադրությունն ու օրենքը հստակ են: Հետևաբար իշխանությանը պետք չէ հստակ տիրույթ, հստակ բաժանում, պետք է լղոզում: Չորս տարի շարունակ, Սերժ Սարգսյանն իր մարտավարությամբ հենց դրան էլ ձգտում էր՝ հնարավորինս լղոզել դաշտը, հնարավորինս խառնել գույները: Նրան դա էապես հաջողվեց: Ընդ որում` շատ հարցերում նրան օգնեցին ու շարունակում են օգնել հենց իրենք ընդդիմադիրները, անիմաստ վիճաբանության բռնվելով միմյանց դեմ, խանդելով իրար:

Կարո՞ղ է արդյոք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը փոխել այդ իրավիճակը: Տվյալ դեպքում ընդդիմության առաջ դրված է քաղաքականությունը հնարավորի արվեստից անհնարի գիտության վերածելու խնդիրը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ չորս տարի շարունակ դաշտը լղոզելու հարցում Սերժ Սարգսյանին կամա, թե ակամա օգնած ընդդիմությունը կկարողանա չորս տարվա սխալները շտկել չորս շաբաթում: Բայց, մյուս կողմից, ընդդիմությունն իր առաջ ունի սխալների գրեթե ամբողջական վերլուծություն անելու ռեսուրսը և եթե ինտենսիվորեն զբաղվի դրանով, ապա թերևս չորս շաբաթում կկարողանա գտնել իրավիճակը փոխելու առնվազն չորս տարբերակ՝ իշխանության և ժողովրդի միջև մեկ հստակ գիծ քաշելու համար:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30