Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ նախագահը հանդիպել է ուսանողների հետ

Ապրիլ 09,2012 20:41

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵՊՀ ուսանողության հետ հերթական հանդիպումը, որն այս անգամ կայանում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամականաշրջանում, երբ հանրապետության առաջատար քաղաքական ուժերը ժողովրդին են ներկայացնում իրենց ծրագրերը, լավ հնարավորություն է անկաշկանդ մթնոլորտում երիտասարդության հետ քննարկելու ՀՀԿ-ի պատկերացումները մեր պետության և նրա ապագայի, ամենատարբեր բնագավառներում առաջիկա անելիքների վերաբերյալ. «Իմ նպատակն է, որպեսզի ձեր առաջարկությունները, ցանկությունները, մոտեցումները առարկայացնենք մեր ծրագրերում: Այսօր աշխարհն այնպիսի արագությամբ է փոխվում, որ առաջին հերթին, թերևս, երիտասարդների մտքերը կարող են ուղեցույց լինել: Քանի որ երիտասարդները, որպես կանոն, միշտ համարձակ են և շատ դեպքերում կաշկանդված չեն կաղապարներով՝ կարողանում են ավելի լավ ու օգտակար խորհուրդներ տալ»,-ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք զինվորը գնում է մարտի, և եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողնանաք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, և բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք: Առաջին հերթին, դուք՝ երիտասարդներդ պետք է պատրաստ լինեք, որովհետև այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին: Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ»,-պատասխանել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ասվածի լավագույն վկայություն ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին, որ դարերի ընթացքում հաղթահարելով բազում փորձություններ, մշտապես նորն ու առաջատարն ընկալելու, ընդունելու և սերունդներին փոխանցելու հատկանիշի շնորհիվ կարողացել է այդ գոյապայքարում հաղթող դուրս գալ:

Համալսարանականները ՀՀԿ նախագահից հետաքրքվել են նաև, թե ո՞րն է Հանրապետական կուսակցության ուղերձը ԵՊՀ ուսանողներին և հանրապետության ամբողջ երիտասարդությանը, ի՞նչ ծրագրեր ունի Հանրապետական կուսակցությունը երիտասարդության հետ կապված: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ի ասելիքը նույնն է՝ եկե՛ք միասին բարեփոխենք մեր երկիրը, եկե՛ք մեր եռանդը համատեղենք, մեր նախաձեռնություններով նպաստենք պետության զարգացմանը: Միավորվեք ուսանողական միություններում, տարբեր կառույցներում, և փորձենք միասին մեր ակտիվությամբ, մեր հավատով ունենալ շատ ավելի լավ Հայաստան: Եկե՛ք հենվենք մեր ազգային արմատների վրա, դառնանք ավելի առաջադեմ, ուրիշների կողմից ավելի ընկալելի:

ՀՀԿ նախագահը խոսել է նաև պետության կողմից վերջին տարիներին երիտասարդների համար իրականացվող սոցիալական ծրագրերի մասին, որոնց նախաձեռնությունը, նրա հավաստմամբ, ծնվել է հենց Երևանի պետական համալսարանում: Սերժ Սարգսյանի խոսքով, երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովման և նմանատիպ այլ ծրագրերի նպատակն է՝ երիտասարդների ակտիվ մասնակցությամբ ու նաև նրանց նախաձեռնությունների շնորհիվ հասնել բոլորի համար տեսանելի, էական փոփոխությունների:

ՀՀԿ նախագահն ընդգծել է, որ պետությունն այսօրվա իր հնարավորություններով չի կարողանում երիտասարդների բոլոր խնդիրները կարճ ժամանակահատվածում լուծել, բայց երիտասարդությանն ուղղված պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ զգացել են, և այդ քաղաքականությունը շարունակական է լինելու, իրականացվող ծրագրերն ավելի են ընդլայնվելու:

Համալսարանական երիտասարդները ՀՀԿ նախագահից հետաքրքրվել են նաև գլոբալացվող աշխարհում ազգային արժեքների պահպանման խնդրով, միաժամանակ մտահոգություն հայտնելով, թե եվրոպական արժեքներին տուրք տալով, արդյո՞ք չենք կորցնի ազգայինը: «Մի բանում կարող եք համոզված լինել՝ մերը երբեք չենք կորցնելու, և մեր ազգայինը հիմք է բոլոր հաջողությունների: Այսօր գլոբալացվող աշխարհում շատ է խոսվում համամարդկային արժեքների մասին, ու դա լավ է, բայց երբեք համամարդկային արժեքները չեն կարող կտրված լինել ազգայինից: Մենք մեր արմատներից չենք կարող կտրվել: Ուզում եմ նաև հստակորեն ասել, որ ազգայինը չի կարող երբեք կարծրացած լինել, և բոլոր ավանդույթները չեն, որ առաջադիմական են: Պետք է պահպանվեն այն ավանդույթները, որոնք ապահովում են բարոյական հիմք, որոնք հնարավորություն են տալիս մեզ զարգանալու: Մենք չենք կարող կաղապարված լինել և երբեք այդպիսին չենք եղել: Զարգանալու գլխավոր պայմաններից մեկը հենց դա է»,-ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Երևանի պետական համալսարանի ուսանողության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մեր երկրի տնտեսական, սոցիալական, արտաքին և ներքին քաղաքականությանը, խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացմանը վերաբերող հարցերի: Ընտրացուցակների վերաբերյալ ուսանողներից մեկը հետաքրքրել է, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, և դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է: «Ընտրացուցակում ընդգրկվել նաև դեռևս չի նշանակում մասնակցել ընտրություններին: Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել և ընտրություններից հետո տեսնել: Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում: Հայաստանի Հանրապետության, և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը: Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին:

Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել: Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, և ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաև մեծամասնականով ընտրվող թեկնածուներ: Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ: Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի: Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է: Եթե մարդիկ ցանկանան գալ և մասնակցել ընտրություններին, նրանց ի՞նչ ասենք, ասենք, քանի որ դուք երկրից բացակայել եք, ձեզ զրկո՞ւմ ենք ընտրության իրավունքից: Մի կողմից ասում ենք այնպես անենք, որ մեր երկրում օրենքները գործեն, մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք գնանք անօրինական քայլերի, որպեսզի բավարարենք ինչ-որ մարդկանց ցանկություններ: Ես կարծում եմ, որ դա սխալ է, մենք պետք է վարվենք օրենքի տառին համապատասխան, ինչպես և վարվում ենք»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30