Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին խնդրեց մեկնաբանել իր վարորդի կողմից երթեւեկության կանոնները խախտելու դեպքը, որը արձանագրել էր Գագիկ Շամշյանը: Այն քննարկման առարկա դարձավ ԶԼՄ-ներում եւ սոցկայքերում: Վահան Հովհաննիսյանի խոսքերով՝ «Քանի որ ԶԼՄ-ները բանուգործ չունեն ու այս երկրում ամենամեծ խախտումները կատարում է իմ վարորդը, թալան, այլանդակություն, նման բաներ դուք չեք կարողանում ֆիքսել, ֆիքսում եք իմ վարորդի երթեւեկության խախտումները, ապա ես կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետեւ անմիջապես ինքը գնացել եւ վճարել է տուգանքը: Դրանով երեւի հարցը փակված է, չէ՞, թե՞ դուք ուզում էիք, որ իրեն ձերբակալեին»:
Պարոն Հովհաննիսյանը կարծում է, որ իր վարորդի այդ դեպքն արձանագրելն ու դրանից աղմուկ բարձրացնելը նախընտրական շրջանի հետ է կապված. «Իհարկե, ես կարծում եմ, որ դա նախընտրական այս շրջանում օգտագործվում է, բայց թող օգտագործվի: Եթե այնքան սնանկ է ուրիշների քարոզչությունը, որ կարող են ինձ վերագրել միայն իմ վարորդի սխալ քշելը, ապա թող հանգստանան, տուգանքը վճարված է նույն օրը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ