«Վարդան Բոստանջյանը կարողանում է գտնել ճշմարտությունը` այս կամ այն մոտեցումների: Հիմա տվյալ դեպքում Բոստանջյանը գտավ, որ դաշնակցության առաջ քաշած մոտեցումները համահունչ են իր պատկերացումներին, որոնց մասին ի դեպ, նա բազմիցս պառլամենտի դահլիճում արտահայտել է: Միշտ էլ եղել է համակրանքը: Ես շատ ուրախ եմ, որ այսօր պարոն Բոստանջյանն այդ մասին հրապարակային ասաց: Նախընտրական այս երկրորդ օրով նա իր ջերմ աջակցությունը հայտնեց դաշնակցությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե Վարդան Բոստանջյանի ելույթն անակնկալ չէ՞ր ձեզ համար:
Մենք նաեւ փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է դրանից ԲՀԿ-ի հետ ձեր հարաբերությունները վատանան` նա պատասխանեց. «Մենք որեւէ նման ցանկություն կամ տրամադրություն չունենք որեւէ մեկի հետ մեր հարաբերությունը լավացնելու կամ վատացնելու: Մեր գլխավոր խնդիրը հասարակությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է, եւ եթե Բոստանջյանի նման հեղինակավոր մարդը դրական է արտահայտվում, մենք վստահ ենք, որ դրան կհետեւեն նաեւ շատերը»:
Պատրա՞տ է ՀՅԴ-ն ընդունել Վարդան Բոստանջյանին իր շարքերում, պարոն Մինասյանը պատասխանեց, որ պարտադիր չէ, որ նա անպայման դաշնակցական լինի. «Մեծ ձեռքբերումներից մեկը մեր համակիրների մեծ զանգվածն է, այսինքն Դաշնակցությունն ունի ընդամենը 6-7 հազարին մոտ անդամ, բայց ստանում է 180 հազար քաղաքացիների աջակցություն: Սա նշանակում է, որ մեր ուժը մեր համակիրների մեջ է: Կարեւորը` որ նա կիսի մեր գաղափարախոսությունը, ընդունի այն եւ պատրաստ լինի այդ գաղափարախոսության, ծրագրերի ներքո ինքն էլ մասնակցություն ունենա գործերի կատարմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև