Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած ընտրողները դուրս են գրվում ընտրողների ցուցակներից եւ ոչ թե ընտրողների ռեգիստրից

Ապրիլ 09,2012 17:43

ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրություններին, ըստ նախնական ցուցակների,  Գեղարքունիքի մարզից կմասնակցի 182 749 ընտրող, որից 57 240-ը կքվեարկի թիվ 22 ընտրատարածքի 37 ընտրական տեղամասերում:

Ըստ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Լեւոնյանի` նախնական հաշվարկով, ընտրություններին կմասնակցի 61 509 ընտրող` 70 ընտրական տեղամասերում:

Թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սարո Ղազարյանի տեղեկացմամբ` այդ ընտրատարածքի 46 ընտրական տեղամասերում ընտրությանը կմասնակցի 64 հազար ընտրող:

Ընտրական հանձնաժողովների նախագահները հայտնում են, որ ապրիլի 6-11-ը կավարտվի տեղամասային հանձնաժողովների կազմավորման գործընթացը:

Ընտրողների ցուցակների հետ կապված անճշտությունների կամ դիմումների վերաբերյալ ճշտումների մասին ոչ մի դիմում չի գրանցվել Գավառի անձնագրային բաժանմունքում: Մարտունու անձնագրային բաժանմունքի պետ Սարիբեկ Մաթեւոսյանը հայտնեց, որ քաղաքացիները հիմնականում դիմում են հասցեների ճշտման հարցերով: Բնակիչները չեն գտնում իրենց անունները ցուցակներում, սակայն բաժանմունքի աշխատակիցները գտնում են նրանց անուններն ու ուղղորդում համապատասխան ընտրական տեղամասեր: Ըստ Ս. Մաթեւոսյանի` ընտրացուցակներում եղել է 49 մահացած մարդու անուն, որից 18-ի անունները դուրս են բերվել ցուցակներից` մահվան վկայականների հիման վրա, իսկ մնացածների համար դիմել են գյուղապետերին` համապատասխան գրություն-տեղեկանք ներկայացնելու եւ մահացածներին ցուցակներից դուրս հանելու համար: Մահացած ընտրողների անուն-ազգանունները դուրս են գրվում ցուցակներից եւ ոչ թե ընտրողների ռեգիստրից:

Սեւանի անձնագրային բաժանմունք հիմնականում դիմել են այն քաղաքացիները, ովքեր չեն գտել իրենց անուն-ազգանունները ցուցակներում: Եվ ըստ բաժնի պետ Խաչիկ Կիրակոսյանի` տեղում ճշտվում են տվյալներն ու համապատասխան վայրերը, ուր նրանք չեն գտնում իրենց անունները: Ցուցակներում լինում են նաեւ անճշտություններ` կապված բնակավայրերի տեղափոխման հետ: Ցուցակներում կան նաեւ մահացածների անուն-ազգանուններ, ովքեր հիմնականում մահացել են Ռուսաստանի Դաշնությունում, եւ հարազատների դիմում-բացատրություններով՝ նրանց անունները դուրս են գրվում ցուցակներից:

Ճամբարակի անձնագրային բաժնում եւս դիմում են հասցեների ճշտման հարցերով: Ըստ բաժնի պետ Կամելլա Եգանյանի` շուրջ 10 մահացածների անուն-ազգանուններ դուրս են գրվել ցուցակներից: Վարդենիսում անճշտությունները հիմնականում կապված են հասցեների տեղափոխման եւ զինծառայության ավարտից հետո հաշվառման չանցնելու հետ:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30