Նորք-Մարաշ համայնքի բնակիչները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` նկարագրելով բոլոր այն անհարմարությունները, որոնք մարդիկ կրում են՝ օգտվելով այդ համայնքը սպասարկող հասարակական տրանսպորտից. «Հարգելի քաղաքապետ, արդեն 10 տարուց ավելի է մարաշցիները երթեւեկում են անմարդկային ու ստորացված պայմաններում, օրվա պիկ ժամերին պարզապես անհնար է օգտվել հասարակական տրանսպորտից: Այս համայնքը սպասարկող թիվ 22, 22 Ա միկրոավտոբուսները, բացի այն, որ անմխիթար վիճակում են, երթեւեկում են գերբեռնված: Կքված ու իրար գիրկ երթեւեկելն այս համայնքում արդեն օրինաչափություն է դարձել: Եթե մեծահասակները ինչ-որ տեղ հանդուրժում են, դիմանում ու հարմարվում, ապա այդ իրավիճակը թե՜ հոգեպես եւ թե՜ ֆիզիկապես շատ վատ հետեւանք է թողնում մանուկների վրա: Ամեն օր այդ փոքրիկները մանկապարտեզ, դպրոց են գնում բառի բուն իմաստով «լխճված» վիճակով…
Նախընտրական այս օրերին, Նորք-Մարաշում տասնյակ նախընտրական շտաբներ են բացվել՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, առանձին պատգամավորի թեկնածուների: Ամեն օր, օրը մի քանի անգամ, այդ միկրոավտոբուսները գերբեռնված անցուդարձ են անում այդ շտաբների կողքով, սակայն ոչ մի քաղաքական ուժի այսօր նման կարեւոր հարցերը բացարձակ չեն հետաքրքրում: Այս օրերին այդ ուժերը, աղանդավորների պես ընկած դռնեդուռ՝ «մարդաորսությամբ» են զբաղված: Նրանց ամպագորգոռ լոզունգներն էլ մարդկանց ուղղակի հունից հանում են: Տասնյակ տարիներ է երկրի ղեկը Հանրապետականների ձեռքին է, այդքան տարիների ընթացքում, Մարաշի տրանսպորտի առումով, ոչ մի հարց չի լուծվել, կարող էին չէ՞ փոխել: Որ չեն փոխել, այսօր ո՞նց հավատանք ՀՀԿ-ին: «Բարգավաճ Հայաստանն» էլ, որը քանի տարի է՝ խորհրդարանում է, մինչ այդ խոստանում էր բարգավաճ երկիր, ո՞վ է տեսել բարգավաճ երկրում, տրանսպորտի այս առատության մեջ, ինչ-որ մեկի բիզնեսին զարկ տալու համար քաղաքացիներին այդքան ստորացնեն»:
Իսկ թե ո՞ւմ բիզնեսին են զարկ տալիս Մարաշի տրանսպորտի հարցը չլուծելով՝ թեմայի մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ