Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սամվել Ալեքսանյանը հիմնավորի, որ բնակարանի կարիք ունի` ՀՅԴ-ն կտա անվճար բնակարան

Ապրիլ 09,2012 16:58

 ՀՅԴ-ի նախընտրական ծրագրում մի կետ կա. 5 եւ ավելի երեխա ունեցողներին խոստանում են հատկացնել անվճար բնակարան: Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր դիտարկմանը` փաստորեն ուզում եք օգնած լինել նաեւ Սամվել Ալեքսանյանի՞ն` պատասխանեց. «Եթե Սամվել Ալեքսանյանն ունի բնակարանի կարիք` իհարկե կտանք, բայց չափորոշիչ կա` Սամվել Ալեքսանյանը պետք է հիմնավորի, որ ինքը բնակարանի կարիք ունի: Թե չէ դղյակի սեփականատիրոջը հո չե՞նք տա»: Այն ենթադրությանը, որ հնարավոր է, թե Սամվել Ալեքսանյանը փաստաթղթերով գուցե տուն չունենա` պարոն Մինասյանը պատասխանեց, որ գոյություն ունի իրականություն եւ իրենք հաշվի են առնելու ոչ թե փաստաթղթերը, այլ իրականությունը. «Մի նրբություն էլ կա` ունեցվածքի հայտարարագրման հետ կապված: Երբ որ ոչ թե մարդու հայտարարությունն է հաշվի առնվելու, թե ով ինչ ունի, այլ նաեւ հանրային կարծիքը պետք է հաշվի առնել: Այս նրբությունները մեր ծրագրում կան»:

Մենք նաեւ հետաքրքրվեցին` ծրագրում այդքան ճոխ-ճոխ խոստումներ տալով` չե՞ք կարծում, որ հնարավոր է մարդիկ չհավատան այդքան մեծ չափաբաժնով խոստումներին, որ ամեն ինչ կրկնակի, եռակի բարձրացնելու եք` Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Դոզան շատ չէ, մենք իրատեսական եւ համալիր ծրագիր ենք ներկայացնում: Մենք անդրադարձել ենք բոլոր ոլորտներին եւ մանրամասնել ենք, թե ինչպիսի Հայաստան ենք մենք սպասում եւ ինչ ռեսուրսներով: Սրանք միայն խոստումներ չեն, առաջարկ է ամեն մի քաղաքացու, որ մասնակցի այս ծրագրերի իրականացմանը»:

Պարոն Մինասյանը վստահեցրեց, որ իրենք ցանկանում են իշխանության գալ ոչ թե իրենց նեղ խմբային շահը հետապնդելու, այլ քաղաքացիներին ներգրավելու կառավարության մեջ. «Եթե քաղաքացին կհամարի, որ իր համար շռայլ է նվազագույն աշխատավարձը 63 հազար դրամ դարձնելը կամ 200 հազար աշխատատեղ ստեղծելը, կամ գյուղատնտեսության սուբսիդիան 60 մլրդ-ի հասցնելը, լավ ապրելը եթե քաղաքացին կհամարի շռայլություն` գուցե դուք ճիշտ եք: Բայց ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ապրելու առավել բարեկեցիկ: Մեր ծրագիրը շռայլ չէ, դա նվազագույնն է, որ մենք կարող ենք այս երկրում ստեղծել»:

ՀՅԴ-ն նաեւ առաջարկում է լուրջ փոփոխություններ` արդարադատության համակարգում, օրինակ, որ դատավորներին նշանակման եւ ազատման տարբեր սխեմաներ գործեն. «Երբ մի մարդ այսօր նշանակվում է դատավոր, գործադիր իշխանության կամ երկրի գլուխը երբ նշանակում է դատավոր եւ ինքն էլ իրավունք ունի ազատելու, մարդն ամբողջությամբ կախման մեջ է լինում իրենից: Մենք առաջարկում ենք, որ դատավորին ազատելուց առաջ նաեւ խորհրդարանական լսումներ լինեն, հաշվի առնվի օրենսդիրի կարծիքը, որ նաեւ հանրությունը տեղյակ լինի: Կամ դատավորների ու դատախազների ցուցակում մարդիկ տարիներով ընդգրկված են, նշանակողները, պարզ է, երեւի ինչ-որ ակնկալիք ունեն կաշառքի կամ այլ տեսքով, որպեսզի նշանակումներ տեղի ունենան: Մենք համարում ենք, որ դա անթույլատրելի է: 1 տարուց ավելի մարդը չպիտի մնա ցանկում, պիտի նշանակում ստանա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30