Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել

Ապրիլ 09,2012 16:52

Մերուժան Մխոյանի տան մոտ

Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ շաբաթ օրը թեկնածությունից հրաժարված անկուսակցական Մերուժան Մխոյանը ուղեղի ցնցում է ստացել։ Այս մասին տեղեկացանք «Արմավիր» բժշկական կենտրոնից:

Բժշկական կենտրոնի փաստաթղթերում գրանցված էր, որ նա եւ նրա ազգականը՝ Մուշեղ Մխոյանը, ուրբաթ օրը երեկոյան տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մերուժան Մխոյանի կինն ու ընտանիքի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հավաստեցին, որ նրանք վնասվածքները ստացել են ուրբաթ օրը վաղ առավոտյան իրենց տան մոտ սկսված, հետո Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտ շարունակված ծեծի հետեւանքով:

Չնայած «Արմավիր» բժշկական կենտրոնի մատյանում նշված է, որ Մերուժան Մխոյանը ստացել է ուղեղի ցնցում, ձախ ստորին կոպի հեմատոմա, կոնքազդրային հոդի վնասվածք, Մուշեղ Մխոյանն էլ վնասվածքներ է ստացել կրծքավանդակի, վերին շրթունքի, ծոծրակի ու քթի շրջանում, սակայն նրանք այս գործում որպես տուժող ներգրավված չեն: Ըստ ոստիկանության տեղեկատվության, տուժողներ են ճանաչվել երկու երիտասարդներ, որոնք, Մխոյանների ընտանիքի պնդմամբ, ծեծի ենթարկողների թիմից են:

Մերուժան Մխոյանի կինը եւ եղբոր կինը, ովքեր ականատես են եղել ուրբաթ օրը առավոտյան տեղի ունեցած դեպքերին, պատմեցին, որ Մխոյանը սպառնալիքի ներքո ստիպված է եղել հրաժարվել ընտրապայքարից. այդ ողջ ծեծուջարդի նպատակն է եղել ստիպել նրան ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի անկուսակցական թեկնածուն չխանգարի նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուին՝ Ալեքսան Պետրոսյանին:

«Նրանք մեզ ասում են՝ հանեք, թե չէ երեխաներին վնաս կտան։ Այսինքն՝ ամենաթույլ օղակին են կպնում, որովհետեւ հանուն երեխաների գիտեք հայը ինչի է պատրաստ։ Հենց դրա համար էլ հանել է թեկնածությունը», – պատմեցին մեր զրուցակիցները։

Թեկնածու Ալեքսան Պետրոսյանի նախընտրական շտաբից հերքեցին այս պնդումները, կրկին հայտարարելով, որ իրենց թիմակիցներն այդ միջադեպի հետ որեւէ կապ չունեն:

Մխոյանի ընտանիքը նաեւ տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրը իրենց տուն են եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները եւ հետաքրքրվել են դեպքի մանրամասների եւ ինքնաբացարկի պատճառների մասին: Իրենք պատմել են ամեն ինչ:

Թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանից տեղեկացանք, որ դիտորդները այցելել են նաեւ հանձնաժողով։

«Ուղղակի հարցում են կատարել ինքնաբացարկի մասին, ուրիշ` ոչինչ»,- նշեց Սուքիասյանը՝ ընդգծելով, որ թեկնածությունից ստիպված հրաժարվելու մասին Մխոյանը իրենց մոտ որեւէ հայտարարություն չի արել:

Ինքնաբացարկի դիմումը կքննարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվածներ չկան:

Մերուժան Մխոյանի ընտանիքին իրավապահները դեռ չեն հարցաքննել:

Իրինա Հովհաննիսյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30