Գլխավոր կոմունիստ Ռուբեն Թովմասյանի համար Կոմունիստական կուսակցությանը մրցակից են բոլոր կուսակցություններն ու հատկապես Հայ ազգային կոնգրեսը: «Այս բոլորը, ինչի մեջ մենք ապրում ենք, շողուլից գցեցին ՀՀՇ-ականները: Նրանք երկիրը շողուլից գցեցին, խաղացին ազգայնական հարցերի վրա՝ Ղարաբաղի հարցի վրա: Այդ հաղթանակը բոլորինս է: Դրա մեջ մեծ բաժին ունեն սովետական բանակում ծառայած և ինտերնացիոնալիզմի գաղափարով դաստիարակված տղաները »,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Ռ. Թովմասյանը՝ պնդելով, որ ՀՀՇ-ն է բոլոր կեղծիքների հեղինակը, որոնք պահպանվում են մինչ օրս:
ՀԱԿ անդամ Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք՝ կոմունիստներին մրցակից համարո՞ւմ են. «Մեր միակ հակառակորդը Հանրապետական կուսակցությունն է: Այսքանը, էլ ոչ մի մեկնաբանություն»:
Թե ինչ կլինի, եթե Կոմունիստական կուսակցությունը խորհրդարան մտնելու համար բավականաչափ ձայներ չհավաքի, պարոն Թովմասյանը բացատրեց. «Սոցիալիստական գաղափարն անմահ է: Ինչպես պահպանվել է այսքան տարի, այնպես էլ կշարունակի պահպանվել: Այսօր ամբողջ աշխարհի բնակչության 40%-ը սոցիալիզմի կողմնակիցն է»:
Կարդացեք նաև
Կոմունիստական կուսակցության ղեկավարը հեռուստատեսային քաղաքական գովազդներից այն տպավորությունն է ստացել, որ մնացած բոլոր կուսակցությունները վերցրել են իրենց լոզունգները: Դա, պարոն Թովմասյանի դիտարկմամբ, ոչ թե գրագողություն է, այլ ընտրողներին խաբելու ձեւ. «Բոլորը սոցիալիզմ են կառուցում, բոլորն ասում են՝ ժողովրդի ծառաներն են: Այդ տեսահոլովակներն ինձ հուշեցին, որ նրանք զգում են, թե ժողովուրդն ինչպիսի սոցիալական անարդարության և սոցիալական ճնշման տակ է, ստիպված են վերցնել Կոմկուսի ծրագրերից կամ լոզունգներից՝ առողջապահության, կրթության և սոցիալական մյուս հարցերի լուծումները տալու համար»։
Պարոն Թովմասյանին նոր լոզունգ են խորհուրդ տվել՝ «Ընտրիր և փնտրիր». «Բնակիչներն են խորհուրդ տվել, ուզում են ասել, որ դեպուտատ կա էս չորս տարվա ընթացքում ընկած ման են գալիս, չեն գտնում: ԱԺ-ում չկա, իրենց մոտ չի լինում, իրենց հետ չի խոսում, ժողովրդի դարդը չգիտի»:
Պարոն Թովմասյանը վերջում ընտրակաշառքի զավեշտալի մի դեպք պատմեց, բայց չներկայացրեց անուններ: Նրա խոսքերով, պատգամավորի թեկնածուներից մեկը վարսավիրանոցում ամեն հաճախորդի մոտենում ու ասում է՝ չվճարել, իր տեղը վճարված է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ