Այսօր ՀՅԴ-ի նախընտական ծրագրի ներկայացման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը զարմացրեց իր ջերմ ելույթով. «Բոլորը նկատած կլինեն, որ Դաշնակցությունը մշտապես պայքարել է հայ մարդու համար: Իսկապես այդ ո՞վ էր, որ ամենաթշվառ պայմաններում՝ պետության բացակայության, ո՞վ հավաքագրեց հայ մտքին, որպեսզի կարողանանք դուրս գալ այդ ճղճիմ վիճակից, այդ ո՞վ ստեղծեց առաջին պետականությունը` երկար ժամանակից հետո: Այդ ո՞ր կուսակցությունն էր այսօր պայքարում, որ հայրենասիրությունը, քաղաքակրթվածությունը, գրագիտությունը մտնի մեր իրականություն, ուրեմն բնականաբար այս հարցերը ունեն միարժեք պատասխան: Ես 90-ականներից ծանոթ լինելով դաշնակների հետ, տեսել եմ պատվախնդրություն, վեհություն, անսահման պատասխանատվություն` բոլոր հարցերում: Եվ նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները»:
Նա նաեւ նշեց, որ ՀՅԴ-ն «եզակի քաղաքական ուժն է, որի մեջ խռովություն չեղավ, նեղվածություն չեղավ, սա հերթական անգամ ցույց է տալիս այն վեհությունը, որը դրել է իր ծրագրի, իր մոտեցումների հիմքում»:
Աղվան Վարդանյանն այս խոսքերը լսելուն պես՝ կոչ արեց պարոն Բոստանջյանին. «Ուրեմն կքվեարկեք ձեր խղճի մտոք, չէ՞»:
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում պարոն Բոստանջյանը վստահեցրեց, որ այսուհետեւ անելու է այն, ինչ պետք է անի: Aravot.am-ի հարցին` ՀՅԴ-ի մասին Ձեր այսօրվա ջերմ ելույթը դրա մասի՞ն էր խոսում` նա պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում ջերմ ելույթը, ես միշտ դաշնակցության նկատմամբ ունեցել եմ շատ հարգանք եւ շատ ընդգծված մոտեցում բոլոր ժամանակներում»: Մեր հարցին` իսկ ինչո՞ւ այդ դեպքում ԲՀԿ-ին անդամագրվեցիք` նա պատասխանեց, որ այդպես է ստացվել: Անկախ իր համակրանքից` պարոն Բոստանջյանը նշեց, որ ՀՅԴ-ին չի անդամագրվի, իսկ ԲՀԿ-ից դուրս գալու մասին էլ դեռ չի մտածել: Մի բան հաստատ է` քաղաքականությամբ այլեւս պարոն Բոստանջյանը չի ուզում զբաղվել:
Aravot.am-ի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը բավականին լուրջ կապեր ունի, Ձեր այսօրվա ելույթի հետ կապված որեւէ մտավախություն չունե՞ք հետագայի համար` նա պատասխանեց. «Ի՞նչ ելույթը, դա մեր երկրին, երկրի հաջողությանն ուղղված ելույթ էր, ի՞նչն եք դուք դրա մեջ կրիմինալ տեսնում»: Մեր դիտարկմանը, որ մեր երկրում անձնական համակրանքները սովորաբար ավելի զգույշ են արտահայտում` պարոն Բոստանջյանի պատասխանը ավելի քան անակնկալ էր. «Դուք կարողացա՞ք կողմնորոշվել, թե անձնական համակրանքը որտե՞ղ էր ուղղված, ես իմ կնոջն էի ուղղում այդ անձնական համակրանքը»:
Լրագրողները նաեւ փորձեցին ճշտել, թե այն խոսքերից, որ ՀՅԴ-ն եզակի կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս խռովություններ չեղան՝ կարելի՞ է ենթադրել, որ ԲՀԿ-ում դրանք եղել են: Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Էնտեղ էլ չի եղել, ուղղակի այստեղ ծանոթ եմ, որ չի եղել»:
Պարոն Բոստանջյանը նաեւ նշեց, որ ոչ մի բանից չի փոշմանում, չի զղջացել նաեւ, որ իշխանության մաս է կազմել:
Հայտնի է, որ Վարդան Բոստանջյանը մի քանի անգամ կուսակցության կարծիքի հետ չհամընկնող մտքեր է արտահայտել, որի համար նրան նկատողություն են տվել: Այս առնչությամբ հարցին` հիմա դուք ազա՞տ եք, նա պատասխանեց. «Ինձ նկատողություն չեն արել, ուղղակի ցուցակից հանել են եւ վերջ: Ինչի՞ համար նեղանամ, ուրախ եմ դրա համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ