Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Իմ մրցակցին համարում եմ հանցավոր ռեժիմի մաս»

Ապրիլ 09,2012 16:06

 Թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) դեմ առ դեմ հանդիպելու են ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն՝ հանձինս մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանի եւ Սամվել Ֆարմանյանի: Այսօր կայացած ասուլիսում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանը Սամվել Ֆարմանյանին հրավիրեց բանավեճի: Սակայն մինչ այդ որոշակի մեղադրանքներ հնչեցրեց մրցակցի հասցեին. «Նա ՀՀԿ ներկայացուցիչ է, դրանով ամեն բան ասված է: Ավելորդ է կրկնել մեր վերաբերմունքը հանցավոր ռեժիմը ներկայացնող ՀՀԿ-ի մասին: Իմ մրցակիցը հայտարարել է, որ ունի 37 ընտրական շտաբ, չնայած իր պաստառի վրա կարծես թե նշված չէ իր կուսակցական պատկանելությունը: Երկու օր առաջ «Հայլուր» խումբը հարցազրույց վերցրեց ինձանից, եւ ինձ տեղեկացրեցին, որ հեռարձակվելու է կիրակնօրյա «Հայլուրով», իմ ռեպորտաժը չկար, պարզվեց, որ խոտան է եղել, չգիտեմ ինչքանով կարելի է հավատալ այդ հանգամանքին, բոլորդ գիտեք, թե ո՞վ է համակարգում «Հայլուրը» եւ հավասարության մասին խոսելն անիմաստ է: Ես պատրաստվում եմ արձագանքել այդ փաստի կապակցությամբ, եւ հույս ունեմ, որ գոնե այսօր  խոտան չի լինի այս ասուլիսից: Մրցակիցս ամբողջությամբ օգտագործում է վարչական ռեսուրսները, հանդիպումներ է ունենում վարչական շրջանի ղեկավարի, այլ պաշտոնյաների հետ, այսինքն՝ հավասար մրցակցության մասին խոսելն ավելորդ է: Իմ մրցակցին համարում եմ հանցավոր ռեժիմի մաս: Հանրապետական կուսակցության դեմքը դա մարդ ծեծող, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, Սյունիքի մարզպետն է՝ նույնպես մարդ ծեծող, ՀՀԿ-ի դեմքը Սերժ Սարգսյանն է, որն ուրացել է Ցեղասպանությունը, նաեւ կառավարման արդյունքում հասցրել է Հայաստանը տնտեսական աղետի, խաբել է ժողովրդին, որեւէ հիմնական նախընտրական խոստում, որ տվել է, չի կատարել, եւ այդ առումով շատ սեւ ու սպիտակ պատկեր է ստեղծվել մեր ընտրատարածքում: Ես շատ ափսոսում եմ, որ իմ մրցակիցն այս պահին, այս ժամանակահատվածում դարձել է այդ կուսակցության անդամ: Կարծում եմ, որ նա էլ, դառնալով այս կուսակցության անդամ, կրում է պատասխանատվություն այն հանցագործությունների համար, որ արել է ռեժիմը, այն խոստումների համար, որ տվել է ռեժիմը եւ չի իրականացրել, նաեւ այն գործողությունների համար, որ պարտակվել են 10 սպանությունների կատարողները»:

Ավելի ուշ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում մասամբ պատասխանեց Վ. Կարապետյանին.«Ինձ զանգահարած լրագրողներից տեղեկացա, որ այսօրվա մամուլի ասուլիսում N 2 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Վլադիմիր Կարապետյանը դրական է վերաբերվել հնարավոր հեռուստատեսային քաղաքական բանավեճի մասին լրագրողի հնչեցրած գաղափարին:
Ես հայտարարել եմ, որ անելու եմ ինձանից կախված հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման և քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարևոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաև համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա:
Բայցև, չեմ էլ կարծում, որ նույնիսկ մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը ասպետության պես մի բան է: Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը:
Հ.Գ. Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է՝ չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, և զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ՝ ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել: Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30