Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ ընտրություններն ընթանում են առաջին նախագահն ընդդեմ երկրորդի, երկրորդը՝ երրորդի կամ երկուսը երրորդ նախագահի դեմ: «Սա կարելի է համարել քաղաքական իրավիճա՞կ: Խնդիրն այն է, որ այս պահին պետք է լիներ քաղաքական պայքար: Մենք գալիս ենք՝ ասենք, ժողովուրդ, ձեզ խոստումներ չենք տվել, չենք խաբել, գալիս ենք մեր գաղափարախոսություններով, ցուցակով… Ես հանդես եմ գալիս եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությամն դեմ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով, խորհրդարանը պետք է մաքրվի մականունավոր տղերքից, նրանց կարող են փոխարինել անգամ մեքենավարները. «Ինձ հարցնում են՝ մետրոպոլիտենի մեքենավարին ո՞ւր եք տանում, բա ո՞վ գնա, մականունավոր տղերքր պիտի գան, այնտեղ նստեն, որ դուք ձեզ լավ զգաք»:
Իրենց նախընտրական ծրագրից խոսելով՝ ասաց, որ առաջարկելու են սոցիալական հատուկ հիմնադրամ, որը երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կտա մատչելի բնակարաններ ստանալ. «Գլխավոր հարցը ստվերն է, եթե չկարողանանք կրճատել ստվերը, գոնե 20 տոկոսի հասցնենք, ոչ մի խնդիր չենք կարողանա լուծել: Այն մարդկանցից, որոնք 20 տարի է իշխանության մեջ են եղել՝ այնպիսի խոստումներ եմ լսում, որոնք մենք կամաչեինք տալ ու այդպիսի պոպուլիզմով զբաղվել»:
Պարոն Սարգսյանն ասաց, որ վաղվանից կմեկնարկի իրենց քարոզարշավը ու բոլոր մարզերում մանրամասնորեն կներկայացնեն իրենց առաջարկները:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կուսակցությունների միասնական շտաբին, պարոն Սարգսյանն ասաց, որ իրենց շատ ուշ են դրա մասին տեղեկացրել. «Էլի եմ կրկնում՝ մենք անկոչ հյուր չենք»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե կուսակցությունների նախընտրական խոստումները գրեթե չեն տարբերվում միմյանցից, ընտրողները կդժվարանան կողմնորոշվել, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ այսօրվա շատ կուսակցությունների խոստումներն իրենցից են ընդօրինակված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ