Նախագահ Ալիեւի եւ ողջ կառավարության անհապաղ հրաժարական` սա էր կիրակի օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմադիր առաջատար կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիայի գլխավոր կարգախոսը:
Ընդդիմադիր այս ցույցը վերջին շրջանում Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված թերեւս ամենամարդաշատ բողոքի ակցիան էր: Ոստիկանության տվյալներով` բողոքի ակցիային մասնակցել է 1200, իսկ կազմակերպիչների պնդմամբ` շուրջ 10 հազար մարդ:
Բաքվի քաղաքային իշխանությունները ցույցի անցկացման համար ընդդիմությանը տարածք էին տրամադրել քաղաքի ամենահեռավոր արվարձաններից մեկում։
Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի պնդմամբ` անգամ իշխանությունների գործադրած սահմանափակումների պայմաններում մարդիկ մասնակցում են բողոքի գործողություններին։
«Ադրբեջանի կառավարությունը` Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, մի քաղաքականություն է իրագործում, որի նպատակն է ադրբեջանական ընդդիմության վերջնական կազմալուծումն ու անկախ ձայների լռեցումը։ Արդեն յոթ տարի է, ինչ արգելվում են բոլոր տեսակի ցույցերը», – հայտարարում էր Քերիմլին:
Ընդդիմադիր մեկ այլ կուսակցության` «Մուսավաթ»-ի առաջնորդ Իսա Ղամբարը չբացառեց, որ Ադրբեջանում իրադարձությունները կարող են զարգանալ հեղափոխական սցենարով:
«Մենք միշտ էլ համոզված ենք եղել, որ աշխարհում թեւածող ժողովրդավարության, ազատության եւ փոփոխությունների ոգին ի վերջո Ադրբեջան էլ կհասնի: Դրա հետ մեկտեղ, մենք ցանկանում ենք, որպեսզի այդ գործընթացը խաղաղ բնույթ կրի` առանց արաբական պետություններին բնորոշ արյունահեղության: Այնուհանդերձ, եթե իրադարձություններն այլ կերպ զարգանան, ապա դրա ողջ պատասխանատվությունն ընկնելու է Ալիեւի իշխանության վրա», – պնդում է Իսա Ղամբարը:
Ադրբեջանցի անկախ դիտորդների կարծիքով` այս ակցիան վերջին շրջանում ընդդիմության կողմից կազմակերպած ամենահաջողված գործողություններից մեկն էր:
Քաղաքագետ Էլդար Նամազովը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պնդում էր, թե մարդկանց նման քանակության մասնակցությունը քաղաքի ամենահեռավոր ծայրամասում կազմակերպված ակցիային վկայում է, որ հանրության շրջանում դժգոհություններն աճում են:
«Ազատություն» ռադիոկայան