Ապրիլի 8-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում, իր տան կից շինությունում կախվել է 66-ամյա Նորայր Կիրակոսյանը: Նա խորհրդային տարիներին բանվոր է աշխատել տեղի խորհտնտեսությունում: Նորայրը երկրորդ խմբի հաշմանդամ էր, տառապում էր բրոնխիալ ասթմա հիվանդությամբ, մի քանի ամիս առաջ էլ ինսուլտ է ունեցել: Այս մասին տեղեկացանք Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանից:
Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում: Ն. Կիրակոսյանը երեք որդի ունի, որոնցից մեկի՝ պայմանագրային զինծառայողի հետ էր ապրում: Նրանց ընտանիքի սոցիալական վիճակը բնութագրվում է որպես միջին:
Այս տարի Կոթի գյուղում եղել է 13 մահ եւ 6 ծնունդ: Գյուղապետ Ֆ. Մելիքյանը մահվան դեպքերի շատությունը բացատրում է գարնանը գյուղի տարեցների մոտ հիվանդությունների սրացմամբ: Համայնքի ղեկավարը հուսով է, որ մինչ տարեվերջ,նախորդ տարվա պես,ծնունդների թիվը կգերազանցի մահվան դեպքերին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև