Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի ճոխ խոստումները՝ ԱՊՊԱ-ից մինչեւ գազի, ջրի սակագներ

Ապրիլ 09,2012 13:12

«Շոուներ, թատրոններ, պարեր չենք անում»,- այսօր ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն այսպես ներկայացրեց կուսակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ դրա փոխարեն փորձելու են հանրությանը ներկայացնել իրենց ծրագիրը:

Իսկ ՀՅԴ-ի ծրագիրն աչքի է ընկնում հատկապես սոցիալական բլոկի բավականին ճոխ խոստումներով: Այսպես. ՀՅԴ-ն խոստանում է առաջիկա 5 տարիներին գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները չբարձրացնել, ԱՊՊԱ-ի սակագները վերանայել եւ 10 հազար դրամով իջեցնել, բացել 200-225.000 նոր աշխատատեղ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արսեն Համբարձումյանի խոսքերով՝ ոստիկանների, բուժաշխատողների, ԱԱԾ եւ պաշտպանության համակարգերի աշխատակիցների միջին աշխատավարձը դարձնելու են 500 հազար դրամ. «Նվազագույն աշխատավարձը, մեր հաշվարկներով, կարող ենք ներկայիս 32500 դրամի փոխարեն հասցնել 63 հազար դրամի, այսինքն՝ կրկնակի բարձրացնել: Աղքատության շեմ է համարվելու կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը: Յուրաքանչյուր քաղաքացու՝ դրանից ոչ ցածր եկամուտ ստանալու իրավունքը կերաշխավորվի»:

ՀՅԴ-ի խոստումները շռայլ են նաեւ թոշակառուների եւ հաշմանդամություն ունեցողների մասով: Միջին աշխատանքային կենսաթոշակը ներկայիս 31.250 դրամի փոխարեն կկազմի 63 հազար դրամ, իսկ սահմանափակ կարողություններով մարդկանց աշխատանքի տեղավորելու համար ձեռնարկություններին գայթակղելու են՝ նվազեցնելով շահութահարկը:

Ժողովրդագրության մեջ ՀՅԴ-ն խոստանում է «բազմացնել» մեր բնակչությունը՝ յուրաքանչյուր տարի 50 հազարով, 5  եւ ավելի երեխա ունեցողներին նվիրել անվճար բնակարան, ընտանեկան նպաստի համակարգը վերանայել, մինչեւ 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստներն ավելացնել: Մանկապարտեզներն էլ ՀՅԴ-ի ծրագրով անվճար են լինելու ոչ միայն Երեւանում, այլեւ՝ ողջ հանրապետությունում:

Դաշնակցությունը նաեւ ավանդների հատուցման յուրօրինակ ձեւ է որոշել կիրառել, եթե չվճարել դրամային արտահայտությամբ, ապա թույլ տալ դրա փոխարեն գոնե հայրենական արտադրության ապրանքներից կամ ծառայություններից օգտվել՝ որպես վճարման միջոց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30