Խորհրդային Միության փլուզվելուն զուգահեռ, շատ ավանդույթներ վերանայվեցին կամ վերափոխվեցին: Մոսկվայում հանդիպեցի Հայաստանի գրողների միության անդամ, գրող Ալբերտ Օհանյանին: Ջերմ ընդունեց: Ռուսաստանի գրողների միությունում Ալբերտ Օհանյանը համակարգում է Կովկասյան տարածաշրջանի հետ գրական կապը, այսինքն` Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի: Երեք երկրներն էլ համաձայնել են, որ Ալբերտ Օհանյանը զբաղվի այդ աշխատանքով: Վերջինս ծնվել է Թբիլիսիում: Կատարյալ տիրապետում է վրացերենին, հայերենին և ինչպես ինքն ասաց, 80 տոկոսից ավել էլ` ադրբեջաներենին: Ալբերտ Օհանյանը, հիրավի, լավ մասնագետ է:
Ինչ ասել է համակարգել. թվարկված երկրները ներկայացնում են այս կամ այն գրողի ստեղծագործությունը, թարգմանում ռուսերեն, Մոսկվայում շնորհանդես կազմակերպում, հրավիրում տեղի գրական ասպարեզի երախտավորներին և այսպիսով Ռուսաստանի հետ ապահովում գրական-մշակութային կապը: Ադրբեջանն այս ասպարեզում բավականին ակտիվ է: Ի լրումն ազգային գրողների գրքերի տպագրությանը, ադրբեջանցիք այստեղ երկու շաբաթաթերթ են տպագրում: Դրանք բաժանված են երկու հատվածի` ռուսերեն և ադրբեջաներեն: Ինչպես Ալբերտ Օհանյանը նշեց, բավականին հաջողված թերթեր են և ապահովում են մոսկվաբնակ ադրբեջանցիների համախմբումը: Կապված ռուս-վրացական հարաբերությունների հետ` վերջին տարիներին Վրաստանը պասիվ է:
Հիմա գանք այս բնագավառում տիրող ռուս-հայկական հարաբերություններին:
Մի դեպք հիշեցի. 2002 թվականին, Մոսկվայում, գրախանութում 6-րդ դասարանի դասագիրք վերցրեցի, որտեղ խոսվում էր աշխարհում քրիստոնեության մուտքի մասին: Պարզվեց, որ Հայաստանն այդտեղ չկա: Թարսի պես այդ պահին դիմացս դուրս եկավ այն ժամանակվա Հայաստանի պատմության ինստիտուտի պատասխանատուն: Գիրքը շպրտեցի նրա երեսին, օգտագործածս ածականների մասին չեմ էլ ասում: Իմ հարցին, թե` ձեր բան ու գործն ինչ է, սա, փետրահան եղած հավի պես, թևերը թափահարեց: Ասացի` դատի տվեք Ռուսաստանի համապատասխան ինստիտուտին, չէ որ դա պատմական փաստ է: Ավելին, ինչպես պիտի մեզ ճանաչեն, երբ նույնիսկ դասագրքում պատմությունը խեղաթյուրված է: Մեր պաշտոնյան գնաց, և հարցն էլ մինչ օրս կարգավորված չէ: Վերջին 15 տարում և ոչ մի արժանի ստեղծագործություն Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել, դրանք չեն թարգմանվել և չեն տպագրվել այստեղ: Ալբերտ Օհանյանը կիսամաշված «Անլռելի Զանգակատան»` Սևակի կողմից նվեր ստացած օրինակն ինձ ցույց տվեց ու ասաց, որ երկար տարիներ է հովանավոր չի գտնում` այն թարգմանելու և տպագրելու համար: Մեկ անգամ ևս պարզ դարձավ, որ այստեղ անցկացվող միջոցառումները մեր աչքին թոզ փչելու նպատակ ունեն: Մի շքանշան այս կամ այն օլիգարխին` հայ-ռուսական գրական, մշակութային կապը պահպանելու համար, փուչ ելույթների համար: Այստեղ տարիներ շարունակ ո´չ Նարեկացի է տպագրվում, ո´չ Քուչակ, ո´չ Խորենացի: Ու պատճառը մեկն է` Հայաստան պետությունը փող չունի: Այստեղ հիշում են, թե ինչպես ժամանակին Վլադիմիր Պուտինը Քոչարյանին հարցրել է` որքան մարդ է բնակվում Հայաստանում, և «երեք միլիոն» պատասխանը լսելուց հետո, Պուտինը ժպիտով հակադարձել է` իսկ Ռուսաստանում` ավելի շատ. «Հիմա Հայաստանի պրեզիդենտը ե±ս եմ, թե± դու»: Փաստորեն, գրական ասպարեզում ևս այստեղ դատարկություն է: Տեղական օլիգարխները ինչ-որ միլիոնների նվերներ են տալիս համահայկական հիմնադրամին, մեծ բարերարների վեղարով ելույթ ունենում հեռուստաեթերներից, բայց այս կարևորագույն հարցի շուրջ համախմբում գոյություն չունի: Թողնենք մոսկովյան օլիգարխներին: Երևանյան օլիգարխներն ու իշխանությունները գրականությանը հատկացնելու կոպեկ չունեն: Ի դեպ, Ալբերտ Օհանյանը համեմատության համար ներկայացրեց Ադրբեջանի գրողների միության հնարավորությունները: Պարզվում է, որ ադրբեջանցի գրողները ամեն ամիս 500 դոլարին համարժեք գումար են ստանում, իսկ վաստակավորները կամ կոչումների արժանացածները` մինչև 1500 դոլար: Իհարկե, Ալբերտ Օհանյանը ջերմ խոսեց Հայաստանի գրողների միության նախագահի մասին, թե` Լևոն Անանյանը հրաշալի մարդ է, բայց խեղճն ինչ անի, պետությունը փող չունի…
Ինչպես ասում են չգիտեմ` լամ, թե խնդամ, Ջիվանու հայտնի խոսքերով ասած, Էս ժամ կառուցողների վրա: Բայց ուզում եմ վերջացնել և մեկնաբանությունները թողնել ընթերցողին:
Սուրեն Սարգսյան