Իրանական «Մանոթո 1» (MANOTO 1) արբանյակային հեռուստաալիքը երեկ՝ ապրիլի 8-ի երեկոյան, ցուցադրեց անգլիացի նշանավոր պատմաբան Լորանս Գարդների հեղինակած «Հայերի ցեղասպանությունը» մեկ ժամանոց փաստավավերագրական կինոնկարը: Կինոնկարը պատրաստվել է 2005 թվականին՝ Ֆրանսիայում և հեռուստաընկերության միջոցով թարգմանվել է պարսկերենի: Ֆիլմում ներկայացվում են ցեղասպանության կենդանի վկաների սարսափազդու պատումները հայերի տեղահանության և կոտորածների մասին. տրվում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների և հյուպատոսների և թուրք ու արտասահմանցի մտավորականների կարևոր վկայությունները հայության ցեղասպանության կապակցությամբ:
Ֆիլմի ցուցադրման մասին հեռուստաընկերությունը հաղորդել էր օրեր առաջ և իրանահայերը ևս սոցիալական ցանցերով հաղորդագություններ էին տարածել: «Մանոթո 1» հեռուստաընկերության շուրջօրյա հաղորդումներն եթեր է տրվում Լոնդոնից և ընկերությունը Իրանում ու արտասահմանի պարսիկների մոտ ունի բարձր վարկանիշ: Ապրիլի 9-ի առավոտյան ժամը 9-ի դրությամբ հեռուստաընկերության կայքէջում ֆիլմի ցուցադրման կապակցությամբ տեղադրվել է 153 մեկնաբանություն: Վավերագրական ֆիլմի ցուցադրումն ողջունել են մեծ թվով հայեր և իրանցիներ, իսկ որոշ ադրբեջանցիներ այն քննադատել են: Իրանահայերը խնդրել են ցուցադրումը կրկնել նաև ապրիլի 24-ին:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ