Անվճար ծննդօգնությունը «Օրինաց երկիր» կուսակցության 2008 թվականի նախընտրական իրականացված խոստումներից մեկն է, բայց ոչ միակը: Այս մասին Aravot.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ վստահեցնելով, որ 2008-ին իրենց ներկայացրած նախընտրական ծրագիրը կառավարության բարեփոխումների ծրագրի 90 տոկոսն է կազմում. «Երբ մենք 2008-ին քարոզարշավի էինք գնում, մարդիկ մեզնից փող էին ուզում, մտահոգված ասում էին, մեր տանը երեխա պետք է ծնվի, մինիմալ ծախսերը չունենք, եւ ի վերջո 2008–ից սկսած կարողացել ենք իրականություն դարձնել մեր նախընտրական այն դրույթը , որը մեզ համար եղել է առաջնային լուծելի, կարողացել ենք լուծել այդ խնդիրը»: Տիկին Բիշարյանի խոսքերով, աղետի գոտում ընթացող շինարարությունն էլ է իրենց նախընտրական խոստումներից մեկը. «2008-ին աղետի վերականգնման խնդիրը, մեր այս դրույթը դարձավ մեխային կետերից մեկը… եւ դուք տեսնում եք ինչ ակտիվ շինարարություն է ընթանում աղետի գոտում, որ առաջիկա երկու տարում ժամանակավոր բնակարաններում կամ տնակներում բնակվելու խնդիրը ավարտվի»:
Տիկին Բիշարյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու երեկ իրենց հանրահավաքում կուսակցության ցուցապաստառներն ու բուկլետները հայտնվեցին աղբարկղերում. «Դրանք մեկ անգամ օգտագործման համար պատրաստված պաստառներ էին, ասել էինք իրենց, որ համապատասխան արկղեր կային, որ այնտեղ հավաքեին: Այնպես որ, մեր չարախոսները արդեն մտել են աղբարկղերի մեջ, որ տեսնեն այնտեղից հանեն ու գրեն «Օրինաց երկիր» կուսակցության մասին»:
Ինչ վերաբերում է կուսակցության ընտրազանգվածին, տիկին Բիշարյանն վստահեցրեց, որ 2008-ից հետո իրենց ընտրազանգվածը խտացել է:VOICE015
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ