«Ես չեմ կարող մեկնաբանել` ով, ինչպես է ընդունել: Մեկ բան հստակ է` ԲՀԿ-ն ասել է, որ ինքը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հետամուտ են ազատ եւ արդար ընտրություններ իրականացնելու: Նրանք բոլորը մեր գործընկերներն են, մեր համախոհներն են»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ Հանրապետական կուսակցության կողմից բավականին ցավագին ընկալվեց ընտրությունների վերահսկման համատեղ շտաբ ձեւավորելու ընդդիմության առաջարկին ԲՀԿ-ի միանալու փաստը, ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «ԲՀԿ-ն մասնակցում է նաեւ ԱԺ նախագահի առաջարկությամբ ստեղծված խմբի աշխատանքներին, մենք մեր ստորագրությունը դրել ենք նաեւ Դավիթ Հարությունյանի առաջարկած կանոնակարգի տակ: Այնպես, որ բոլոր այն ձեւաչափերով, որոնց նպատակը մեկն է`հետամուտ լինել ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, ԲՀԿ-ն մասնակցելու է»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ի կեցվածքը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ առանձին քննարկման թեմա կդառնա, արդյոք դա վկայությունն է ԲՀԿ-ՀՀԿ հակասությունների, տիկին Զոհրաբյանը հակադարձեց. «Ես Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի եւ նրանցից որեւէ մեկի ասածներն ուղղակիորեն հրաժարվում եմ մեկնաբանել»:
Կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը դեռ երկու շաբաթ առաջ շտապեց հայտարարել, որ 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հետաքրքրվեցինք` ԲՀԿ-ն չի՞ պատրաստվում հետեւել այդ օրինակին: Նաիրա Զոհրաբյանի պատասխանը եղավ. «Այդ հարցին բազմիցս պատասխանել ենք եւ ինձ համար հասկանալի չէ այն լրագրողների համառությունը, որոնք հետեւողականորեն բարձրացնում են 2013 թվականի ընտրությունների հարցը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ