Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ի նախընտրական խոստումները

Ապրիլ 08,2012 14:10

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների բարձրացումն ու  մենաշնորհների դեմ պայքարը կուսակցության համար առաջնահերթություններ են:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով, իրենց ծրագրում  ժողովրդի մտահոգություններն  ու խնդիրներն են, բայց ի տարբերություն մյուս կուսակցությունների, իրենց առավելությունն այն է, որ գիտեն` ի՞նչ է պետք է անել.«Ու այդ ամենը խարսխված է մեր փորձի, ոչ թե խոսքի վրա: Օրենքն ու արդարությունը պետք է դարձնենք գերակա արժեքներ մեր իրականության մեջ: Մեր գերագույն նպատակն է օրինաց երկրի կառուցումը, օրենքով ապրող հասարակության ձեւավորումը:  Մենք գտնում ենք, որ աշխատավարձը պետք է  ապահովի մարդու համար ապրելու նվազագույն կենսապայմանները, շատ ավելի վարձատրվողն ավելի հարկ պիտի վճարի: Սոցիալական անհավասարությունը Հայաստանում պետք է վերացվի, վերջին տարիներին հարուստների ու աղքատների թիվը գնալով մեծանում է , սոցիալական բեւեռացումը` խորանում: Այսօր Հայաստանում ունենք մեծ թվով գործազուրկներ կամ քաղաքացիներ, որոնք ունեն աշխատանք, բայց աշխատավարձով չեն կարողանում իրենց ընտանիքը պահել: Այստեղ պետությունը լուրջ անելիքներ ունի, մեր նախընտրական ծրագիրն էլ առաջարկում է սոցիալական անհավասարության   հաղթահարման ուղղությամբ բավականին գործնական քայլեր` աշխատատեղերի ստեղծում: Մեր երկրում անհնար կլինի  դա իրագործել` առանց պետական քաղաքականության, վերջին 25 տարում եվրոպական անդամ երկրներում աշխատատեղերի 75 տոկոսը պատկանում է պետությանը, պետությունը չպետք է ձեռքերը լվա, քաշվի մի կողմ, ասի` ինչպես ուզում եք աշխատատեղ ստեղծեք»:

Պարոն Բաղդասարյանի խոսքերով, ՕԵԿ-ը մշակել է հնգամյա պլան գործազրկության նվազման ու աշխատատեղերի ավելացման համար: Կուսակցությունը նաեւ առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել փոքր ու միջին գործարարության զարգացմանը: Պարոն Բաղդասարյանի խոսքերով,  իրենց հիմնական կարգախոսն է. «Ավելի լավ է 100 հոգի ունենա մեկական խանութ, քան թե մեկն ունենա 100 խանութ , մենք  պայքարելու ենք արհեստական մենաշնորհների դեմ»:

ՕԵԿ-ը նախընտրական ծրագրում ներառել է նաեւ առողջապահական, կրթական, սեփականության անձեռնմխելիության ու մատչելի բնակարանների հասանելիության հարցերը, ներկայացրել տնտեսության զարգացման համար առանձին ոլորտներում բարեփոխումների առաջարկներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30