Այսօր, ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես Ստեփանավանից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։15-ին «Ստեփանավան բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու հոգի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01։30–ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Արման Աբրահամյանի վարած «Օպել վեկտրա» 30 ՏՏ 645 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր–Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և շրջվել։ Վթարի հետևանքով Ա. Աբրահամյանը, նրա եղբայրը՝ 1980թ. ծնված Յուրիկ Աբրահամյանը և Տաշիր քաղաքի բնակիչ 1979թ. ծնված Ալեքսան Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։