Այսօր ապրիլի՝ 7-ին Ոստիկանության Վանաձորի բաժին կեսօրին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ կա։
Ինչպես Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը՝ դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, Գուգարքի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ։
Ոստիկանների կանչով ժամանեցին Լոռու մարզի փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ճոպանների օգնությամբ գետից դուրս բերեցին տղամարդու դին։
Կարդացեք նաև
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակը գետում հայտնվել է մեկ–երկու օր առաջ, իսկ մահացած տղամարդը կլինի 40-45 տարեկան։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու գետից դուրս բերված մահացած տղամարդու ինքնությունը։