Այսօր առավոտյան մեր տուն զանգահարեց մի տղամարդ, տվեց հորս անուն-ազգանունը, նշեց ծննդյան թիվը, վայրը եւ խնդրեց հորս, ով ծնվելէ Նախիջեւանում ու մի քանի տարի անց տատիկ-պապիկիս ու իր քույր-եղբայրների հետ հաստատվել Երեւանում: Մի խոսքով, մեր տուն զանգած խորհրդավոր անձը նշեց հորս անձնագրային բոլոր տվյալները: Ի դեպ, հավելեմ, որ հայրս հատկապես վերջին շրջանում ոչ մի կուսակցության հանդեպ առանձնապես համակրանք չունի:
Ինչ վերաբերում է մեր տուն զանգած տղամարդուն, նա ներկայացավ որպես Գարդմանահայերի հայրենակցական միավորման ներկայացուցիչ: Տղամարդն ասաց, որ իրենք համաժողով են արել ու որոշել են սատարել մի կուսակցության, ով ի զորու է լուծել Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական հողերի հարցը: «Իսկապե՞ս,- հեգնեցի ես,- եւ ո՞րն է այդ կուսակցությունը»: Հարցրի , բայց անգիր գիտեի պատասխանը, որովհետեւ բոլոր հայրենակցական միությունները ընտրությունների ժամանակ թեքվում են նժարի ծանր կողմը, այսինք սատարում են իշխող ուժին:
«ՀՀԿ-ին ենք սատարելու, այդ կուսակցությունը խոստացել է մեզ օգնել»,-հարցիս պատասխանեց տղամարդը: «Փաստորեն դուք համագումար եք արել, որոշել սատարել ինչ-որ ուժի, հետո նոր զանգահարել, օրինակ , Նախիջեւանում ծնվածներին ու «հուշել», որ իրե՞նք էլ սատարեն»,-հարցրի ես: Տղամարդը պատասխան չուներ: «Իսկ ինձ թվում էր, որ հայրենակցական միությունները պետք է կոնկրետ բնակավայրի, տարածքի գեղեցիկ սովորույթներն ու ավանդույթները քարոզեն, պատմության լավուվատ էջերի մասին գրքեր տպագրեն ու էլի նման բաներ, եւ ոչ թե ընտությունից ընտրություն որեւէ կուսակցության քարոզչությամբ զբաղվեն»,-հավելեցի ես ու զանգարողին ասացի, որ լսափողը, այնուամենայնիվ, պատրաստ եմ հորս փոխանցել: Բնականաբար, այդքանից հետո նա հրաժարվեց ու ասաց, որ էլի կզանգի: Խեղճ մարդ, ի՞նչ իմանար, որ մի բնակարան է զանգել, որտեղ 2 լրագրող է ապրում` ես ու քույրս :
Անկեղծ ասած, զզվում եմ, երբ կուսակցությունները աղանդավորի նման հետապնդում են մարդկանց, բռնի խուժում տները, գլուխները, գրպանները (գրպանների դեպքում` ոչ միշտ են բռնի գործում)… Դա ի՞նչ ձեւ է: Այդպես մի անգամ էլ եմ զանգ ստացել, բայց ոչ թե կուսակցական էր զանգող կինը, այլ Եհովայի վկա ու իրենց հավաքներին էր հրավիրում:
Լավ է` գոնե մեր տարածքի պոտենցիալ ընտրակաշառատու կուսակցական «քարոզիչները» ճանաչում են ինձ ու քրոջս ու մեր դուռն անպտուղ չեն թակում: Բայց էդ էլ մի բան չէ. երբեմն մեր տնից մի քանի տասնյակ մետր շառավղով տարածքում ուրիշներն էլ են զրկվում ընտրակաշառքից: Եվ իրենց ո՞ր մեղքի համար ))