Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասերի նորակառույց բնակարաններն այսուհետ կհարդարվեն տանտերերի ճաշակով: Այսօր լրագրողներին այս նորամուծության մասին տեղեկացրեց Գյումրիում ու Ախուրյանում բնակարանաշինություն իրականացնող «Գլենդել հիլզ» ՓԲԸ Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանը: Նա խոսելով Ախուրյանի և Գյումրու բնակարանաշինության ընթացքի մասին, ասաց. «Ախուրյանում շինարարությունը երկաթբետոնյա կառուցման փուլում է գտնվում, կառուցվում են թվով 3 բնակելի շենքեր` ընդհանուր 104 բնակարանով, շինարարությունը կավարտվի 2013 թվականի առաջին եռամսյակում: Իսկ Գյումրիում` Մուշ և Անի թաղամասերում, մեկնարկել է ներքին հարդարման փուլը ու իրականացվում են արտաքին բարեկարգման աշխատանքներ: Բազմաթիվ շահառուների դիմումների հիման վրա և նախագահի հանձնարարականով շահառուներին հնարավորություն է ընձեռվում կատարել ներքին հարդարման գույների ընտրություն»: Լրագրողների այն ճշտող հարցին, թե վիճակահանություն ու բնակբաշխում դեռ չկատարված, շահառուն ինչպե՞ս իմանա, ո՞րն է իր բնակարանը, որ մի հատ էլ գույներ ընտրի՝ շինկազմակերպության ներկայացուցիչը պարզաբանեց. «Մենք բնակբաշխմամբ չենք զբաղվում, բայց կան շահառուներ, որոնք տեղյակ են, որն է իրենց բնակարանը, խոսքս նրանց մասին է»: Լրագրողները նույն հարցը ուղղեցին նաև քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանին, նրանից հետաքրքրվելով` եթե յուրաքանչյուր տանտեր իր ճաշակը թելադրի «Գլենդել Հիլզին», իր բնակարանի համար հարդարման գույներն ինքն ընտրի, սա արդյոք պատճառ չի՞ դառնա շինարարության ավարտի ու բնակբաշխման ձգձգման համար: «Ոչ, իհարկե ոչ, մենք վիճակահանություն կանցկացնենք, բնակիչը կիմանա որ շենքի որ բնակարանն է իրեն հատկացվում, դրանից հետո նա կարող է գալ և շինարարի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, իր նախընտրած գույներով բնակարանը կհարդարեն»:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 90 տոկոսով ավարտված են Գյումրու Մուշ 2 թաղամասի շինաշխատանքները: Հիշեցնենք, որ Գյումրիում պետական ֆինանսավորմամբ այս պահին կառուցվում է 1756 բնակարան, իսկ բնակարանաշինության առաջին փուլով արդեն իսկ շահագործման է հանձնվել 1056 բնակարան:
Իսկ թե վերջնականապես երբ կավարտվի այս թաղամասի շինարարությունը, նախարարը տեղեկացրեց` 2013 թվականի վերջերին: Ըստ Վարդան Վարդանյանի, իրենք կգերադասեն բնակարանները հանձնել մի քիչ ուշացումով, սակայն` որակով: «Իհարկե դրա համար շինարարական կազմակերպությունները կկրեն համապատասխան ֆինանսական տույժեր», -ակնարկեց ԲՀԿ-ական նախարարը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ