Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի ՞նչ եք կանգնել, արագացրեք, ծափ տվեք, նախագահն եկավ »

Ապրիլ 07,2012 17:46

Այսօր ԲՀԿ-ական նախարարների` քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու առողջապահության նախարար  Հարություն Քուշկյանի հետ  աշխատանքային այցով  Շիրակի մարզում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա  եղավ շինհրապարակներում, իր աչքով զննեց «Գլենդել հիլզ» շինարարական կազմակերպության կողմից  Ախուրյանում, Գյումրու «Մուշ» և «Անի» թաղամասերում իրականացվող բնակարանաշինության որակը, այցելեց նաև քաղաքի կենտրոնում կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոց:

Նշենք, որ երկրի ղեկավարի պատվին վաղ առավոտյան այնպես էին լվացել  Գյումրու փողոցները, որ գյումրեցիները մեկը մյուսին տեսնելիս` ապշահար հարցնում էին`վայ, սա մեր քաղա՞քն է:

Սերժ Սարգսյանն իր այցը սկսեց Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքից`  Ախուրյանից, որի շինհրապարակում ևս պատիվ էին արել նախագահին.  փոշու ու շիբինների մեջ «համայնքի բնակիչ» անվան տակ հավաքել էին Գյումրու ու Ախուրյանի դպրոցների ուսուցիչների, սոցապների աշխատակիցների, որպեսզի նրանք ողջագուրվեն ու իրենց շնորհակալական խոսքը փոխանցեն երկրի ղեկավարին:

Հետաքրքիրն այն է, երբ Սերժ Սարգսյանը շինհրապարակ մտավ ու հեռվից ձեռքով բարևեց արևի տակ կանգնած պետական աշխատողներին` հրահանգիչներից մեկը ցածր հրահանգեց` «Ի ՞նչ եք կանգնել, արագացրեք, ծափ տվեք, նախագահն եկավ»:

Իսկ նախագահն նախընտրական քարոզարշավի մեկնարկից  մեկ օր առաջ իրոք  հաճելի անակնկալ մատուցեց գյումրեցիներին, նա հրահանգեց Գյումրիում շարունակել բնակարանաշինությունը, այն հազար ութ գյումրեցիների  համար, որոնց բնակարան չէր հասել նորակառույց շենքերից: Այս մասին Շիրակի մարզպետարանում մոտ 2 ժամ տևած խորհրդակցությունից հետո լրագրողներին փոխանցեց քաղաքաշինության փոխնախարար Ռուզաննա Ալավերդյանը: Ըստ փոխնախարարի, խորհրդակցության ընթացքում թեև անօթևանների խնդրի լուծման համար երեք տարբեր առաջարկներ են ներկայացրել նախագահին, ընդհուպ մինչև հարցը փակել  բնակարանների գնման վկայագրեր տրամադրելով,   սակայն նա ընտրել է  ամենաթանկը`  գերադասել է նոր շենքեր կառուցել, որը նախնական հաշվարկներով, կարժենա մեկ ու կես  միլիարդ  դրամ :

Նախագահի հեռանալուն պես, շատ քաղաքական ուժերի կողմից սա որակվեց որպես նախընտրական քարոզ,  իշխող  կուսակցության վարկանիշը բարձրացնելու ձև: Այդուհանդերձ, սա գործնական օգուտ էր տնակների մեջ անհույս ապրող գյումրեցիներին: Ինչպես նկատեց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը. «Երևի թե   չկա մի գյումրեցի, որը 23  տարիների ընթացքում հիվանդություն ձեռք բերած չլինի տնակներում ապրելիս: Աստծո ողորմածությամբ էդ հարցը կարծես թե փակվում է մոտ օրերս»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30