«Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՌՈ Արմավիրի կայազորի նախկին բաժնի պետ եւ , ըստ Aravot.am-ի տեղեկությունների, Ռազմական ոստիկանության պետի հավանական թեկնածու Գրիշա Սարգսյանը («Ժարիտ» մականունով) մեր զրույցում չհերքեց այդ պաշտոնում նաեւ իր թեկնածության մասին շրջանառվող լուրը, բայցեւ հավելեց. «Որոշողը երկրի նախագահն է, մեր գերագույն գլխավոր հրամանատարը: Ես ազգի զինվոր եմ. ոնց կասի: Ես ունեմ իրավաբանական բարձրագույն կրթություն՝ Իրավաբանական ակադեմիան եմ ավարտել, համակարգում աշխատելու 30 տարվա փորձ ունեմ, բայց երկրի նախագահը ոնց որոշի՝ այնպես էլ կլինի: Համենայնդեպս, ով էլ որ լինի այդ պաշտոնում՝ բանակի հզորացման համար պետք ա հզոր տղա լինի, որ կարողանա եւ ռազմական ոստիկանության դերը բարձրացնել, եւ բանակը հզոր պահել»:
Խոսելով ՌՈ պետի պաշտոնում հնարավոր մյուս երկու թեկնածուների՝ ՌՈ վարչության պետի ներկայիս տեղակալ, գնդապետ Յուրա Ղարիբյանի եւ ՌՈ վարչության նախկին աշխատակից, գնդապետ, «Լիդեր» մականունով հայտնի Հովհաննես Վարդանյանի մասին, Գրիշա Սարգսյանն ասաց. «Բոլորն էլ լավ թեկնածուներ են՝ եւ Ղարիբյան Յուրան, որը, իրոք, մեծ փորձ ունի, անցել ա մարտական ճանապարհ, եւ Հովհաննեսը եւս, որը այդ համակարգին քաջ տիրապետում ա, եւ կարող է վերակենդանացնել այդ համակարգը: Ես հիմա չեմ կարող ասել, թե ով է այդ ինֆորմացիան բաց թողել, բայց դա տեղին ա: Արժանի են բոլոր թեկնածուները»:
ՌՈ ոստիկանապետի հավանական թեկնածու Սարգսյանին նաեւ հարցրինք բանակում առկա վիճակի, զորամասերում կամ դիրքերում տեղի ունեցող սպանությունների եւ այլ բացասական երեւույթների մասին: «Բանակը զինվորական գաղտնիք է, բանակի թերություններն ու բացթողումները չի կարելի բացել հասարակության առաջ: Բանակը չպետք ա բաց լինի, որովհետեւ դա բանակ է, եւ զինվորական գաղտնիքներ ունի: Ես ցավում եմ, որ մինչ օրս բանակը բացել են լայն հասարակության առաջ՝ ոնց որ սովորական հասարակական կազմակերպություն լինի: Բանակն իրա դռները չպետք ա բացի, որ ամեն ոք կարողանա քիթը խոթի բանակ ու ինչ-որ բան շտկի, թերություններն ու բացթողումները հանի ու մի հատ էլ…»,- հայտարարեց «Ժարիտ Գրիշը»:
Կարդացեք նաև
Բայց այդ բանակում մեր հասարակության անդամները, զավակներն են ծառայում, չէ՞: Մեր այս հարցադրմանը նա վրդովված արձագանքեց. «Հա, մեր երեխաներն են, բայց բանակը փակ կառույց ա, չպետք ա այսքան բացեին ու այսօր չկարողանային դեմն առնել: Հիշեք Սովետական Միության ժամանակը. հարյուրավոր դիակներ էին բերում զորամասերից ու Աֆղանստանից՝ մեր երեխաների, մեր բալեքի: Ինչո՞ւ Սովետական Միությունը բանակը չէր բացում հասարակության առաջ: Բանակը, կրկնում եմ, ունի զինվորական գաղտնիքներ ու հասարակության համար պետք ա լինի փակ, նա կատարում ա հատուկ առաջադրանքներ, ու պետությունը պահպանում ա օտարերկրյա ոտնձգություններից»:
Բայց փակ պահելուց բանակը, պետությունն ինքը կշահի՞: «Բանակը, սիրելիս, պետք ա լինի հզոր ու պետք ա լինի փակ, բանակում պետք ա լինի կարգուկանոն, բանակում պետք ա ապահովվի մեր երեխաների կյանքն ու անվտանգությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ ի պատասխան մեր հարցին, թե՝ բա, ինչո՞ւ չի ապահովում, հավելեց՝ «դա արդեն այլ հարց ա»: