Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» ՏԸՀ-ների իր անդամներին բծախնդրորեն է ընտրում

Ապրիլ 07,2012 15:19

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մի քանիսը, որոնք իրենց խմբակցություններն ունեն ԱԺ-ում, գործող օրենսդրությամբ ձեւավորելու են ընտրական տեղամասերի հանձնաժողովները: Ավելին, ապրիլի 5-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է ՀՀ տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) հանձաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ, որի արդյունքում, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցությունն այդ պաշտոններում ներկայացված կլինի 154 ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, որ խորհրդարանական կուսակցությունները ՏԸՀ-ներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ-ին պետք է ներկայացնեն ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ՏԸՀ-ներում հանձնաժողովի անդամներն ունենալը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» թիմի համար, ի տարբերություն արտախորհրդարանական ուժերի, մեկնարկային լավ պայման է՝ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը չառարկեց: Իսկ հարցին, թե ի՞նչ չափանիշներով է նախընտրական շտաբը որոշելու ՏԸՀ իր անդամների նշանակման հարցը, եւ նկատի ունենալով նախորդ ընտրությունների փորձը՝ հնարավոր համարո՞ւմ է, որ այն տեղամասերում, որտեղ «Ժառանգությունը» մեծամասնականով թեկնածուներ չունի, փորձ արվի այդ տեղերը տալ որեւէ մեծամասնական թեկնածուի՝ արձագանքեց. «Նախապես ասեմ, որ հանձնաժողովի անդամների, նաեւ վստահված անձանց ընտրության հարցերում մենք ծայրաստիճան, եթե չասեմ՝ խիստ, բծախնդիր մոտեցում ենք ցուցաբերում, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունների ճակատագիրը եւ ընտրության ելքը շատ դեպքերում կախված է հենց այդ անձից, եւ ամենամեծ պատասխանատվությունն ու ծանրությունն այդ իմաստով ընկնում է տեղամասում գտնվող մարդկանց ուսերին: Խորին հարգանք ունենալով այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ պարտականությունն ուզում են ստանձնել, այդուհանդերձ, ամեն ինչ պետք է անենք ու անում ենք, որ տեղերում հայտնվեն այն մարդիկ, որոնք կարող են եւ ի վիճակի են առաջացած որեւէ խնդիր տեղում լուծել եւ համարժեք պատասխան տալ ցանկացած գործողության: Պատահական չէ, որ ասել եմ՝ խելքին՝ խելքով, ուժին՝ ուժով: Այս պահին մենք արդեն իսկ բոլոր տեղամասերում մեր թեկնածուներն ունենք, եւ հավելյալ ռեսուրսի պակաս կամ կարիք չունենք: Իհարկե, դա եւս արվել է մեր երկու կուսակցությունների, նաեւ հասարակական սեկտորի համատեղ մասնակցությամբ եւ աջակցությամբ:

Ինչ վերաբերում է հանձնաժողովներում այլ ուժերի հետ համագործակցությանը կամ «տեղեր տալուն», ապա՝ պրակտիկան ցույց է տվել, որ մինչ օրս «հանձնաժողովի տեղեր տալը կամ փոխանակումն» ընդամենը եւ զուտ ձեւական բնույթ է կրել, ու երբեք այդ պարագայում երկուսի շահերը պաշտպանելու դեպք, գոնե, ես չեմ հիշում: Դա խիստ անձնավորված եւ քաղաքականցված պայքար է ենթադրում տեղերում, եւ ամեն մեկն ունենում է իր շահը, ուստի՝ այդպես վարվելը նպատակահարմար չէ: Իհարկե, քաղաքական ուժերի վստահված անձինք տեղում կարող են եւ նույնիսկ պարտավոր են համագործակցել, իրար օժանդակել ապօրինություններ թույլ չտալու հարցում, բայց հույսը դնել ուրիշին վրա, որ քո փոխարեն քո շահերը պաշտպանի՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն, ճիշտն ասած, չեմ պատկերացնում»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30