Լրահոս
Օրվա լրահոսը

2015-ի մեր նախապատրաստությունները սկսվեցին

Ապրիլ 07,2012 13:37

Մոտենում ենք 1915թ. հարյուրամյակին։ Թուրքական Հանրապետությունը, իր անձանցով ու կառույցներով հանդերձ, ազգային մոբիլիզացիայի նախապատրաստական խանդավառության մեջ է։ Որոշվել է հիմնական թեման. «Հայկական ստերին մի տրվիր։ Թուրքերը կաթից հանած սպիտակ գդալ են։ Մենք նրանց ցեղասպանության չենք ենթարկել, այլ իրենք՝ մեզ»։ Առաջին քայլն էլ արվեց «Խոջալուի ցեղասպանությամբ»։ Այսուհետեւ ապացուցելու ենք, որ 1915թ. սպանվածները թուրքեր էին։

Մեր պետությունը, որ սրա նման հարցեր թուրքական ազգին մշտապես մատնացույց է անում, սկսեց առաքելությունը, ինչպես գիտենք, փետրվարի 26-ին։ Եղբայրական ադրբեջանական դրամագլխի հովանավորչությամբ Թաքսիմում կազմակերպված «բիճերով» ցույցի ժամանակ մեր ներքին գործերի նախարարը, նահանգապետն ու անվտանգության պետը կողքին, բարձրացավ ամբիոնի մոտ ու ասաց, թե «Խոջալուի արյունը անպատասխան մնաց»։ Իմամ-համայնք գործընթացն սկսվեց։

Սակայն, ըստ էության, նախաձեռնող թուրքերը պետությունից նույնիսկ առաջ էին ընկել։ «Ռադիքալ-2»-ում փետրվարի 12-ին գրել եմ, որ Գազիայնթեփում անշարժ գույքի մի վաճառող Սարկոզիի, Ֆրանսիայի, սփյուռքի ու ստամբուլահայ համայնքի հիմնադրամների դեմ դատական հայցով է հանդես եկել, այն մեղադրանքով, որ իր հոր պապին սպանել են հայերը։ Այժմ էլ Ստամբուլի Մալթեփեյից մի «Թոշակի անցած հաշվապահ, բանկիր-լրագրող» 0216-457 9351 համարի ֆաքս/հեռախոսից սկսել է «Կոչ թուրքական հասարակությանը-1» վերտառությամբ մի տեղեկացում ուղարկելու արշավ։ Կրկին «մենք չենք արել, իրենք են արել» թեման է, սակայն նորույթներ կան. «Վստահ ենք նաեւ, որ ֆինանսական աջակցություն կկարողանանք ստանալ… Եթե պետք լինի՝ կարող ենք մի կազմակերպություն բացել, պաշտոնապես էլ գրանցվել»։ Այդ ֆինանսական աջակցությունը տեսնես որտեղի՞ց է ապահովելու։

Ամենաառջեւում են

մեր համալսարանները

Մեր համալսարաններն ու համալսարանականները ազգային հարցերում միշտ էլ եղել են պետության կատարածուներն ու առաջամարտիկները։ 1945թ. դեկտեմբերի 4-ին «Թան» տպագրատունը ավերվեց համալսարանի ուսանողների կողմից, ինչով լռեցվեցին կոմունիստները։ Ստամբուլի համալսարանը Քենան Էվրենին 1982թ. տվեց «պատվավոր դոկտորի ու պատվավոր պրոֆեսորի» կոչում։ 2005թ. մարտին քրդերին անվանելով «այսպես կոչված քաղաքացի»՝ քաղաքացիությունից զրկելու պոստ-մոդեռն ձեւ հորինած Գլխավոր սպայակույտին անմիջապես հայտարարությամբ աջակցողը Անկարայի համալսարանն էր։ Սակայն «ամենահամաձայնեցված» ազգային ճիգն էր, որ 2008թ. դեկտեմբերին Հայերից ներողություն խնդրելու արշավի սկզբում եղավ։ Աթաթյուրքի, Սաքարիայի ու Ստամբուլի համալսարանները տարածեցին «Սա դավաճանություն է մեր սուրբ նահատակների նկատմամբ» հայտարարությունը (Վ. Ջոշքուն, Թարաֆ, 26.12.08)։ Նոր աշխարհազորում նույնպես մեր համալսարաններն ամենաառջեւում են.

1) Փետրվարի 26-ին Սպարտայի Ս. Դեմիրելի անվան համալսարանի կողմից կազմակերպված ցույցի ժամանակ Ադրբեջանի քաղաքացի, պրոֆ. Աբդուլահ Աեւը ելույթ ունեցավ ուսանողների համար. «Թուրք ազգը աշխարհի ոչ մի ծայրում մարդկության կողմից ամոթանքի ենթակա ոչ մի բան չի արել։ Քանի դեռ թուրք ազգը գոյություն ունի, պետք է Խոջալուում թափված արյան հաշիվը պահանջի»։ Դրանից հետո նա բոլորին հրավիրեց պառկել գետնին։ Դուդուկի ձայնի ներքո ուսանողները պառկեցին։ Որոշ ժամանակ անց կրկին դուդուկի ձայնով նրանք վեր կացան ու «Խոջալուն թուրքական է՝ թուրքական կմնա, Արարատը ձեզ գերեզման կդառնա» կարգախոսը բացականչելով՝ ցրվեցին («Ռադիքալ», 27.02.12)։

2) Աֆիոն Քոջաթեփեի համալսարանում ուսանողները կազմակերպել էին Պատմական ակումբի հանդիպում (Աֆիոնի լուրերի կայք, 09.03.12)։ Դոցենտ Գյուրսոյ Շահինի ելույթի իմաստը հետեւյալում է. «Հայերը ամեն իմաստով թուրքերին են նմանակել ու նմանվել։ Սակայն որոշ ժամանակ հետո նրանց միջեւ սեւ կատու է անցել»։ Այստեղի սեւ կատուն սվազցի Մխիթարն է եղել։ Վենետիկ է գնացել, այնտեղ Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանություն է հիմնել, դարձել է հայ ազգայնականության կենտրոնը։

1676թ. ծնված կատվին ո՞վ գերեզմանից հանեց

Լավ, 1862թ. Զեյթունի ապստամբությունը Անատոլիայում հայերի առաջին գործողությունն էր։ Հասկանում ենք, որ դոցենտ Շահինը շատ չի մտածել, թե 1676թ. ծնված «սվազցի սեւ կատուն» ինչպե՞ս կարողացավ բարդել Հայկական հարցը օսմանցիների վրա։ Մտածելը երեւի թե բարդ էր, քանի որ Թուրքիայում համալսարանների կողմից ստեղծված մտածելակերպի համաձայն կան միայն «արտաքին միջամտությունները» ու «միսիոներական գործունեություն»։ Դոցենտ Շահինն էլ «ներքին դինամիկայի» մասին բան չի լսել։

1847թ. Միր Բեդիրհանի պարտությունից հետո քրդերն այսօրվա հարավ-արեւելյան շրջանում մնացին առանց առաջնորդի։ Այդժամ, սկսեցին մորթել հայերին, այսինքն՝ «ոսկե ձու բերող հավերին», ովքեր զբաղվում էին արհեստներով ու առեւտրով եւ վաղ ժամանակներից տարեկան հարկ էին մուծում։ Դրանից հետո, 1859թ. Շեյխ Շամիլի՝ ռուսներին պարտվելուց հետո Անատոլիա փախած կովկասյան ժողովուրդները փորները կշտացնելու համար կրկին նեղում են հայերին։ Նեղված հայերը քանիցս դիմում են Ստամբուլ։ Ստամբուլը բանի տեղ չի դնում։ Արդյունքում, հայ երիտասարդները հիմնում են հեղափոխական կուսակցություններ ու ակնկալում Արեւմուտքի եւ Ռուսաստանի աջակցությունը…

Գոնե մինչեւ 1847թ. Անատոլիայում մուսուլմաններն ու հայերը ոնց էլ լինի առանց վեճի ապրել են. թե ինչպե՞ս 1676թ. ծնված «սեւ կատուն» մտավ այս ժողովուրդների արանքը, ոնց հասկացանք՝ դոցենտ Շահինի ուշադրությունը չի գրավել։ Իհարկե, այն, թե 19-րդ դարում ի հայտ եկած ազգայնականությունը ոնց հայտնվեց 17-րդ դարում ծնված Մխիթարի մոտ՝ ընդհանրապես ուրիշ (իսկ երիտասարդ գիտնականի համար արտակարգ ահավոր) մի պատմություն է։ Միայն Աստված գիտի, թե ինչպես կարող է այսպիսի գիտություն գոյություն ունենալ։

Իրենից հետո ելույթ ունեցող դոցենտ Ահմեդ Ալթընթաշն էլ մի նոր թեզ առաջ քաշեց. Օսմանյան կայսրությունում ֆրանսերենի՝ դիվանագիտական լեզու լինելը նրանից է, որ Ֆրանսիան միջամտում էր օսմանյան պաշտոնական գրագրություններին։ Վերջում ամբիոնի մոտ եկած պրոֆեսոր Սադըք Սարըսամանը խնդիրը շատ ավելի պարզ կերպով սահմանեց. «Կարող եմ շատ հստակ ասել, որ իրականում ցեղասպանությանը թուրք ազգն է ենթարկվել։ Ըստ ձեզ՝ մենք Բալկաններից մեր ցանկությա՞մբ հետ քաշվեցինք»։ Նրա ասածներից, որքան ես եմ հասկացել, նվազագույնը երկու արդյունք կարելի է ստանալ. ա) Այն, որ օսմանցիները Բալկաններում գրաված հողերից որոշ ժամանակ անց ստիպված են եղել հետ քաշվել, ըստ էության, թուրքերի հանդեպ ցեղասպանություն է, բ) այս ցեղասպանությունը հավասարազոր է Միջին Ասիայից եկած թուրքերի կողմից Անատոլիայի ավտոխտոն (տեղաբնակ) ժողովուրդ հանդիսացող հայերին վերացնելուն։

Եթե ցեղասպանություն անեինք …

3) Քյութահիայի Դումլուփընար համալսարանում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ (Անադոլու գործակալություն, 10.03.12) պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարեց, թե «Հայ հրոսակախմբերը սպանել են 518 000 մուսուլման»։ Հնարավոր է, որ նրա կողմից «թվերի ընկալումը» մի քիչ տարբեր լինի, քանի որ Թ. Աքյոլին տված հարցազրույցում (CNN Tfrk, 10.11.09) նա նշել է տեղահանված հայերի «հստակ թիվը»՝ 438 758։ Այս դեպքում Հալաչօղլուն «Թալեաթ փաշայից կրկնակի անգամ ավելի թալեաթ-փաշայական» է դառնում, որովհետեւ Մուրադ Բարդաքչըի կողմից հրատարակված հենց փաշայի հատուկ տետրակում տեղահանվածների թիվը նշվում է որպես 925 հազար՝ այն էլ առանց Թրակիայի (եվրոպական մասին՝ ծնթ. թարգմանչի):

7) Էրզրումի Աթաթյուրքի համալսարանը մարտի 12-ին կազմակերպեց մի կոնֆերանս (Աֆիոնի լուրերի կայք, 09.03.12), որի ժամանակ դոցենտ Էրոլ Քյուրքչյուօղլուն ասաց. «Թուրքերի հանդեպ ցեղասպանությունը պատմական զրպարտությամբ ու զեղծարարությամբ շրջվելով դարձվել է հայերի ցեղասպանություն» ու ավելացրեց հայտնի (ու խրատական) մի խոսք. «Եթե պատմության մեջ թուրք պետությունը ցեղասպանություն ու ձուլում իրականացրած լիներ, ապա այսօր շատ պետություններ ու ազգեր, մասնավորապես Հայաստանը, գոյություն չէին ունենա»։

Հետաքրքրությամբ կշարունակենք հետեւել մեր համալսարանների ազգանվեր գործունեությանը։

ԲԱՍՔԸՆ ՕՐԱՆ

Թուրքիա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30