Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականի վերջերս հրապարակած նյութը առ այն, թե Իսրայելն Իրանի վրա հարձակում նախապատրաստելու համար Ադրբեջանում ռազմական օդանավակայանների օգտագործման իրավունք է ստացել, դարձել է իսկական գլխացավանք՝ առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Խնդիրն այնքան է աղմուկ բարձրացրել, որ քիչ է մնում վերաճի իսկական միջազգային սկանդալի: Հոդվածագիր Մարք Փերրին, հղում կատարելով Օբամայի վարչակազմի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր տրամադրել են այս տեղեկատվությունը, գրել է նաեւ, որ երեւույթը հետախուզական ծառայությունների աշխատակիցների շրջանում աճող անհանգստությունն է հարուցում, քանի որ Իսրայելի ռազմական էքսպանսիան Ադրբեջանում բարդացնում է Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածությունը նվազեցնելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը: Սրա վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ է արդեն հասցրել տալ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ հերքելով նման տեղեկատվության իսկությունը, իսկ Օբամայի վարչակարգի որոշ ընդդիմադիրներ Հանրապետական կուսակցությունից Foreign Policy-ի հոդվածը որակել են որպես Սպիտակ տան կողմից կազմակերպված տեղեկատվության գիտակցված արտահոսք: Հարցազրույց տալով Fox News-ին՝ մեկնաբանությամբ է հանդես եկել նույնիսկ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը՝ որակելով եղածը որպես Իսրայելի հանդեպ իրականացված սաբոտաժ: Ինչեւէ, առաջին հայացքից խնդիրն ուսումնասիրելիս, կարծես, սա ավելի շուտ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ ինչ-որ անհամաձայնության կամ էլ տարաձայնության արդյունք է՝ կապված Իրանի հետ, եւ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է ձախողել Իսրայելի կողմից նախաձեռնած ինքնուրույն քայլերը: Սակայն, ինչպես ասում են՝ պարանը միշտ էլ բարակ տեղից է կտրվում եւ այս դեպքում կարծես այդ բարակ պարանը Ադրբեջանն է, եւ ամենակարեւորն էլ հենց այն է, որ վերջինս շատ լավ դա հասկանում է:
Մի քանի օր է՝ ինչ ամբողջ Ադրբեջանում մեծից փոքր հանդես են գալիս տարատեսակ մեկնաբանություններով եւ փորձում են հերքել նման պայմանավորվածության առկայությունը՝ նման տեղեկատվության տարածումը բարդելով «երրորդ» կողմի վրա: Ադրբեջանցիների հերքման հիմնական փաստարկը հանդիսանում է վերջերս Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների կողմից Նախիջեւանում ընդունած հռչակագիրը՝ ինչ-որ «բարեկամության» եւ նմանատիպ այլ ֆարսի վերաբերյալ, ինչպես նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի՝ երկու շաբաթ առաջ կատարած այցը Իրան, որը բառացիորեն ոչ մի նշանակալի նպատակ չէր հետապնդում, քանի որ ոչ մի նշանակալի բան պարզապես չգրանցվեց:
Գիտեք ինչ, հռչակագրերով եւ նմանատիպ այլ քաղաքական տարրական ժեստերով իրական բարեկամության հասնել՝ գործնականում հնարավոր չէ: Պատմությունը շատ անգամ է ապացուցել, որ նման բաները չեն կարող գործել երկարատեւ հեռանկարում, քանի առկան են կոնկրետ, ոչ ավել, ոչ պակաս, քան ազգային, իսկ այս դեպքում՝ պետական շահերի բախումներ:
Ադրբեջանն անկախությունից ի վեր փորձում է սադրել Իրանի հյուսիսում անջատողական տրամադրությունները եւ նույնիսկ 1990-ականների սկզբներին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ կար պատերազմի սկսման ռեալ վտանգ, Ադրբեջանի ազգայնամոլ եւ իրեն Աթաթուրք երեւակայող նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի օրոք:
Կարդացեք նաև
Դժվար չէ պատկերացնել, որ Իսրայելը իր հերթին կարող էր խոստացած լինել Ադրբեջանին իր «աջակցությունը»՝ կապված «Հարավային Ադրբեջանի» հետ եւ դեռ մի բան էլ ԱՄՆ-ի հովանավորությունը «Իրանյան խնդրի» լուծման լայն համատեքստում: Բայց ով կմտածեր, որ Ադրբեջանին կարող էին այնպես նեղը գցել, որ ազգովի սկսեին մահապատժի դատապարտված հանցագործի նման արդարանալ կախաղանի ճանապարհին: Մի բան շատ հստակ է. ծուխն առանց կրակ չի լինում: ԱՄՆ-ն եւ Իսրայելը իրենց խնդիրների լուծման ուղղությամբ ինչ-որ նրբերանգներ չեն կիսում, իսկ այդ նրբերանգները մի ամբողջ ժողովրդի սթրեսի են ենթարկում: Ինչեւէ, գործելուց առաջ մտածել է պետք եւ պետք է հասկանալ, որ ոտքը վերմակից երկար մեկնելուց կարելի է եւ մրսել:
ԷՐԻԿ ԵՐԻՑՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ