Աշակերտների շրջանում հայրենագիտությանը նպաստելու նպատակով Հայաստանի բնության պետական թանգարանը եւ «Կրթություն» շաբաթաթերթը շարունակում են արդեն ավանդական դարձած վիկտորինա-մրցույթների կազմակերպումը: Օրերս կայացած հերթական վիկտորինան նվիրված էր Թռչունների միջազգային օրվան, հարցերն էլ վերաբերում էին Հայաստանում բնակվող գիշատիչ թռչուններին: Մրցույթին մասնակցել են հանրապետության 11 մարզերի շուրջ 60 դպրոցականներ, մասնակիցներից 9-ը պատասխանել են առաջադրված 12 հարցերին: Լավագույնները հրավիրվել էին թանգարան՝ մրցույթ-վիկտորինայի երկրորդ փուլին մասնակցելու համար:
Նրանց գնահատում էին բնապահպանության, գիտության եւ կրթության նախարարությունների, Ամերիկյան համալսարանի, Թռչունների պահպանության միության համապատասխան մասնագետները: Առաջին մրցանակը շնորհվեց Շահեն Վարոսյանին (Լոռու մարզ, գ. Սանահին, Միկոյանի միջ. դպրոց, 8-րդ դասարան), երկրորդ մրցանակը ստացավ Գագիկ Ամիրջանյանը (Արարատի մարզ, Արարատի Ժ. Մկրտչյանի N1 հիմնական դպրոց, 8-րդ դասարան), իսկ երրոդը՝ Դավիթ Առաքելյանը (Գեղարքունիքի մարզ, Կարմիր գյուղի N1 դպրոց, 10-րդ դասարան):
Ցավալի է, որ բնապահպանական այսպիսի միջոցառումներին գրեթե չեն մասնակցում Երեւան քաղաքի դպրոցները:
Ա. ԱԿՄԱԿԺՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ