Ապրիլի 9-19-ը Գյումրիում կկայանա «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում կանցկացվի նաեւ «Մշակութային երկխոսություն» խորագրով գիտաժողով:
Երեկ կայացած ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտնեց, թե փառատոնին կմասնակցի շուրջ 1365 երաժիշտ՝ 25 երկրից: Մեծ թվով հայտեր են ստացվել հատկապես «Ժողովրդական գործիքներ»՝ 266, «Կամերային համույթ» խմբի համար՝ 170 եւ «Դաշնակահար» խմբերի համար՝ 165: Նախարարը խոստացավ աջակցել նման նախաձեռնություններին, որոնք օգնում են պատանի տաղանդներին հասնել հաջողության: Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն էլ նշեց, որ այս տարի կլինի նաեւ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի անվան հատուկ մրցանակ: «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
«Առավոտ» օրաթերթ