Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու չի զարգանում դոկտորանտուրան

Ապրիլ 07,2012 13:25

Արդեն մի քանի տարի է, ինչ խոսվում է մասնագիտական կրթության երրորդ աստիճանի՝ դոկտորանտուրայի կայացման մասին, սակայն խորհրդային ժամանակներից ժառանգած ասպիրանտուրան մեր հանրապետությունում դեռեւս չի ցանկանում նահանջել: Եվ պատճառը միայն այն չէ, որ մեր մի շարք բուհեր դեռեւս հստակ չեն պատկերացնում դոկտորանտուրայի իմաստը: Ստացվում է այնպես, որ ասպիրանտուրան հաճախ հարթակ է դառնում հեշտությամբ «տիրանալու» գիտության դափնիներին: Այստեղ պարզապես բացակայում է կրթությունը, գիտահետազոտական աշխատանք կատարելու լայն ոլորտը, գիտական գործընթացի կառավարմանը մասնակցությունը, եւ ասպիրանտը միայն հետազոտելով իրեն բաժին հասած նեղ թեման, սակավաթիվ որակավորման քննություններով ավարտում է ուսումը եւ պաշտպանելով ատենախոսություն՝ ձեռք է բերում գիտության թեկնածուի աստիճան: Առկա ասպիրանտների նման թերծանրաբեռնվածությունը բերում է նրան, որ ուսումնառությունը դառնում է ձեւական եւ անգամ՝ ձանձրալի:

Սերտ կապեր չունենալով հարազատ ամբիոնի հետ, ձեռք բերելով զորակոչային տարկետման իրավունք եւ ստանալով կրթաթոշակ, իրենց հիմնական գործը թողած, ասպիրանտները բուհից դուրս աշխատանք են փնտրում այլ կազմակերպություններում: Արդյունքում, ոչ միայն ընկնում է երիտասարդ գիտնականների պատրաստման որակը, այլեւ մեծ հարված է հասցվում գիտելիքահենք տնտեսության կայացմանն ու գիտելիքի առեւտրայնացմանը: Գիտության թեկնածուների աստիճանաշնորհման տարեցտարի աճող թվերը նույնպես համոզիչ չեն հանրապետությունում գիտության զարգացումը գնահատելիս: Աշխարհը փոխվել է, գիտությունը տեղափոխվել շուկայական հարաբերությունների ոլորտ:

Զարգացած շատ երկրներ, անգամ ունենալով հարուստ բյուջետային միջոցներ եւ գիտությունը պետական մակարդակով ֆինանսավորելու լայն հնարավորություններ, բավականին ինտենսիվորեն են զբաղվում գիտելիքի առեւտրայնացմամբ: Օրինակ՝ Միացյալ Նահանգներն այս ճանապարհով տարեկան 120 մլրդ դոլար է աշխատում, Անգլիան՝ մոտ 12 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Իսկ ի՞նչ դիրքորոշմամբ ենք մենք այս հարցի շուրջ հանդես գալիս: Պարզապես նոստալգիկ հիշողություններով պարուրված դեպի Խորհրդային անցյալը, որտեղ գործում էր պետության կողմից ֆինանսավորվող գիտահետազոտական կազմակերպությունների գերհզոր ցանց, դեռեւս չենք կարողանում ընդունել, որ մեր համալսարանները պետք է այդ գործառույթներն իրականացնեն, որտեղ լուրջ դերակատարում է ունենալու դոկտորանտուրան: Եթե ասպիրանտի գործունեությունն ուսման տարիներին մինչ այժմ սահմանափակվում էր թեկնածուական քննություններով, հոդվածների հրապարակումներով եւ վերջնարդյունքում՝ ատենախոսության պաշտպանությամբ, ապա դրան հավելյալ՝ դոկտորանտուրայում սովորողը լուրջ մասնակցություն պետք է ցուցաբերի ակադեմիական ծրագրային կրեդիտների հետեւողական կուտակման, ինովացիոն ծրագրերի առեւտրայնացման, գիտական արդյունքների վաճառահանման շուկաների ուսումնասիրման, տեղական եւ միջազգային դրամաշնորհային աղբյուրների հայթայթման գործում: Եվ, վերջապես, գիտահետազոտական ուսուցումը պետք է բավարարի աշխատաշուկայի պահանջները, տալով այնպիսի շրջանավարտներ, որոնք պահանջարկ կունենան ներքին աշխատաշուկայում եւ ոչ թե կփորձեն իրենց ներուժն օգտագործել արտասահմանում:

Այսպիսով, դոկտորանտուրայի կայացման շարժառիթները պետք է կապել ոչ թե Բոլոնիայի գործընթացի հետ, որն, ի դեպ, փորձում են անել կրթության ներկայիս կազմակերպիչներից շատ շատերը, այլ գիտելիքահենք տնտեսության կայացման պահանջի հետ, որի մանրամասն մեկնաբանությունները ներկայացված են պրոֆեսոր Ս. Երիցյանի եւ իմ կողմից համահեղինակած «Մասնագիտական կրթության մարտահրավերները. Բոլոնիայից Երեւան» գրքում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30