Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերան փոխում է իր «հասցեն»

Ապրիլ 07,2012 13:24

Ներկայացումները կկայանան այլ թատրոններում

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում իրականացվելիք հիմնանորոգման աշխատանքները լուրջ տագնապներ եւ անհանգստություն են առաջացրել թատերասեր հասարակության շրջանում: Մի մասը խոսում է, որ հասկանալի պատճառով ստեղծագործական աշխատանքները երկար ժամանակ կարող են կասեցվել, մի մասն էլ չհիմնավորված է համարում նորոգման անհրաժեշտությունը, փաստելով, թե 2002-ին հիշյալ մշակութային օջախում արդեն իրականացվել են մեծածավալ նորոգման աշխատանքներ:

«Առավոտն» այս մասին մեկնաբանություն խնդրեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից:

«2002թ. «Լինսի» հիմնադրամի միջոցներով մեզ մոտ իրականացված վերանորոգման աշխատանքները չէին ընդգրկում ողջ թատրոնը՝ շենքային եւ տեխնիկական առումներով: Դա, փաստորեն, մասնակի վերանորոգում էր, մանավանդ՝ բեմի հետ կապված իրականացվեց ընդամենը կոսմետիկ «միջամտություն», իսկ ավելի քան 30 տարի անընդհատ շահագործվող արդեն հնաոճ բեմի մեխանիզմները իրենց օգտագործման պիտանելիությունը հասցրել էին զրոյի: Ռեժիսորներն ու նկարիչները հաճախ բեմադրություններ իրականացնելիս պարզապես հարմարվում էին եղած պայմաններին»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ մասնագետները բեմի սարքավորումները քարե դարի էին անվանում: Այս բոլորին գումարվել էր նաեւ ամենօրյա վտանգը, թե մի օր արգելափակման տեխնիկան չենթարկվելով, հնարավոր էր՝ զոհերի պատճառ դառնար:

Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երկրի համար ֆինանսական դժվար կացությանը զուգահեռ, կառավարությունը ընդառաջ է գնացել թատրոնի ղեկավարության՝ բեմի ժամանակակից տեխնիկական հագեցման խնդրանքին: Տնօրենը հայտնեց, որ այդ խնդրով կառավարության հետ իրենք քննարկում են անցկացրել 3-4 տարի առաջ, ինչի արդյունքում աշխարհում ճանաչված, տասնամյակների փորձ ունեցող ավստրիական Waagner biro-ի մասնագետները Ազգային օպերային թատրոնում կատարել են ուսումնասիրություններ եւ արել համապատասխան եզրակացություն: Վերջերս էլ ավստրիական կազմակերպությունը պայմանագիր ստորագրեց ՀՀ մշակույթի նախարարի հետ, աշխատանքներն էլ կսկսվեն մայիսից:

Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե մինչեւ տարեվերջ միայն կավարտվի թատրոնի բեմի տեխնիկական վերազինումը, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Աշխատանքները կտեւեն 5-6 ամիս»: Իսկ թե այդ ընթացքում ինչով են զբաղվելու թատրոնի ստեղծագործական կոլեկտիվները, տնօրենը նշեց, որ մեկ օր անգամ փորձասենյակներում չի դադարելու նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների ու բալետի արտիստների աշխատանքը, մանավանդ որ՝ պետպատվերի շրջանակներում ունեն օպերային եւ բալետային ներկայացումների պրեմիերաներ:

Կամո Հովհաննիսյանը թատերասերներին հանգստացրեց, ասելով, որ իրենք Երեւանում կխաղան այն թատրոններում, որոնց բեմերը հնարավորություն են տալիս օպերային եւ բալետային ներկայացումների՝ նշելով Սունդուկյանի անվան, Ռուսական դրամատիկական, Ամերիկյան համալսարանի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմերը: Նա հավելեց նաեւ, որ նախնական պայմանավորվածություններ ունեն հանդես գալու Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Կապանում, նույնիսկ Մարզահամերգային համալիրի տնօրենի հետ պատրաստվում են իրականացնել համատեղ նախագիծ: Թատրոնի նվագախումբն ու երգչախումբն էլ հանդես կգան առանձին երեկոներով: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ հիմնանորոգման մեջ գտնվող Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենը խոստացել է ամռանը Բաթումի օպերային թատրոնում կազմակերպել մեր թատրոնի հյուրախաղերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30