Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվում է Սերյոժա Վարդանյանի, Հրաչյա Արեւշատյանի, Էդգար Ղարսոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ս. Վարդանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի՝ իրացնելու նպատակով մարիխուանա տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար:
Ս. Վարդանյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էդվարդ Չինարյանը: Ըստ պաշտպանի, Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է անցյալ տարվա օգոստոսի 13-ի ՀՀ ոստիկանության փորձագիտական վարչության դատաքիմիական եւ դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունը: Վարդանյանն իրականում օգտագործելիս է եղել կանեփ, երբ նրան ոստիկանները «պատահաբար» հայտնաբերել են: Քանակը եղել է 1, 47 գրամ, ինչը ենթադրում էր պատասխանատվություն: Մինչդեռ նրան մեղադրել են մինչեւ 3 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի ձեռքբերման մեջ, ինչը Քրեական օրենսգրքով ավելի բարձր պատիժ է ենթադրում՝ մինչեւ 6 տարվա ազատազրկման տեսքով:
Ս. Վարդանյանը՝ որպես կասկածյալ, ոստիկանության բաժին է տարվել, սակայն, ըստ պաշտպանի, նա չի օգտվել կասկածյալի իրավունքներից, չի տեղեկացվել դատաքիմիական փորձաքննություն նշանակելու որոշման մասին:
Փորձագետ Ա. Սարգսյանը պաշտպանի միջնորդությամբ ներկայացել է դատարան: «Փորձագետը միաժամանակ հայտնեց, որ իր կողմից փորձաքննությունը կատարվել է հին, սովետական, 20-30 տարվա վաղեմություն ունեցող մեթոդներով, որն իրենից չի պահանջում որոշել տիտրահիդրոկանաբինոլի քանակությունը նյութի մեջ»,- ասում է փաստաբան Է. Չինարյանը:
Փորձագետը հակասական ցուցմունք էր տվել. մի դեպքում ասել էր, թե թմրանյութի նկատմամբ բարակշերտ խրոմոտոգրաֆով փորձաքննություն կատարելիս արդյունքի հանդեպ գունավոր էֆեկտ չի ստացվում, իսկ դատարանում քիչ հետո պատասխանելով պաշտպանության կողմի հարցին՝ հայտնել էր, թե իրեն բավարար է, որ նա հետազոտման արդյունքում վարդագույն էֆեկտ է ստացել, որը ապացուցում է, թե նյութը մարիխուանա է:
Ի դեպ, գործում դրված է երկու փաթեթ. կանեփանման զանգվածը, որը առգրավվել է խուզարկության ժամանակ, եւ Արգամ Շառոյանի «Մերսեդես Բենց C-180» ավտոմեքենայի նստելատեղիի տակից առգրավված 1,9 գրամանոց դեղնականաչավուն նյութը:
Պաշտպանական կողմի կարծիքով, չի կարող այս ապացույցը, որի ծագումը, ձեռքբերման աղբյուրն անհայտ է, դրվել մեղադրանքի եւ դատական ակտի կայացման հիմքում, քանի որ այն վերաբերելի չէ այս քրեական գործին:
Փաստաբան Է. Չինարյանը միջնորդեց ոչ միայն անթույլատրելի ճանաչել փորձաքննության եզրակացությունը, այլ՝ կրկնակի դատաքիմիական եւ դատաբուսաբանական փորձաքննություն նշանակել:
Փաստաբանը գտնում է, որ փորձագետը պարտավոր էր նշված եզրակացության մեջ նշել այն գրականությունը եւ մեթոդիկան, որից օգտվել է, քանի որ այն գրականությունը, որից օգտվել է փորձագետը, կանեփի նյութի չորացման մասին էր:
Այսինքն՝ հայտնաբերված նյութի մասսան չի կարող թմրանյութի ձեռքբերման, պահելու եւ շրջանառության քրեաիրավական գնահատման չափանիշ հանդիսանալ:
«Առավոտ» օրաթերթ