Կանանց միամսյակը ավարտվեց: Մեկ ամիս շարունակ արական սեռը ծաղիկներ, ժպիտներ, նվերներ է պարգևել սիրելի կանանց, մայրերին և քույրերին:
«Համաձայն եմ, որ կանանց մենք պետք է ոչ թե մեկ ամիս հարգենք, սիրենք, նվերներ տանք, այլ ողջ տարվա ընթացքում պետք է նրանց մեր ուշադրության կենտրոնում պահենք, սիրենք և երջանկացնենք, իսկ միամսյակը տղամարդկանց պարզապես զգոն է պահում»,-ասում է 30-ամյա Վահագնը: 20-ամյա Նարեն միամսյակի ընթացքում նվերների պակաս չի զգացել: Չորս եղբայրների միակ քույրիկը հպարտությամբ է ասում. «Եղբայրներս ինձ լիքը անակնկալներ են մատուցել: Իմ սիրած կարմիր վարդերը չէին հասցնում թոռոմել, և ես նոր ծաղկեփունջ էի նվեր ստանում»: Իսկ աղջկա ամենասիրելի նվերը փոքր եղբոր՝ 12-ամյա Արենի կողմից բացիկի վրա գրված քառատողն է:
«Մեր ազգային ներկա տոնացույցում, որը նաև պաշտոնապես հաստատված է, երկու տոն կա, որոնք ուղղակիորեն նվիրված են կանանց. մեկը մարտի 8-ն է, իսկ մյուսը՝ ապրիլի 7-ը: Եթե մարտի ութը մեզ որպես խորհրդային ժառանգություն մնացած տոն է, ապա ապրիլի յոթը եկեղեցական է, այն կապված է Մարիամ Աստվածածնի ավետման հետ: Կաթողիկոսը հրահանգեց, որ բոլոր եկեղցիներում ևս ապրիլի 7-ը նշվի մայրության և գեղեցկության տոն, ուղղակիորեն կապվելով Աստվածամոր հետ»,-ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սվետլանա Պողոսյանը:
Այն հարցին, թե մեր ազգային տոնացույցում նախկինում եղել է տոն, որը նվիրված է եղել մայրությանը և գեղեցկությանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը պատասխանում է. «Քրիստոնեական իրականության մեջ հատուկ նման տոն չի եղել, իսկ հեթանոսական շրջանում եղել են Անահիտ և Աստղիկ աստվածուհիներին նվիրված տոներ, որոնք եղել են պտղաբերության, սիրո, գեղեցկության հովանավորներ: Նախապես ապրիլի 7-ը՝ որպես տոն օր, կապված է Մարիամ Աստվածածնի ավետիսի հետ, իսկ գեղեցկությունը հետագայում է հավելվել: Առհասարակ, մայրությունը գեղեցկություն է, եթե ասում ենք` կին, մայր, ապա գեղեցկությունը ինքնին ենթադրվում է»:
Մեր քաղաքացիների համար ավելի շատ մարտի 8-ն է հարազատ, թե ապրիլի 7-ը: Այս հարցի պատասխանը պարզելու նպատակով անցկացրինք փոքրիկ հարցախույզ կանանց շրջանում:
«Ինձ համար մարտի 8-ը ավելի հարազատ է, չեմ կարողանում պարզաբանել, թե ինչու , բայց մարտի 8-ին ավելի շատ եմ սպասում, մի տեսակ պատրաստվում եմ, իսկ ապրիլի 7-ին այդքան էլ չէ»,-ասում է 35-ամյա Լիլյան:
«Երկու տոնն էլ շատ սիրում եմ: Այն հանգամանքը, որ մարտի 8-ին ավելի անհամբեր ենք սպասում, կարծում եմ՝ կապված է այն բանի հետ, որ միամսյակի սկիզբն է, առաջին օրը, իսկ քանի որ ցանկանում ենք, որ այն երկար ձգվի, բնականաբար անհամբեր ապրիլի 7-ին չենք սպասի», -ասում է 23-ամյա Վարսենիկը:
«Երկու տոնն էլ ընդունում եմ: Իհարկե, մարտի 8-ը իր խորհուրդն ունի ինձ համար, քանի որ ես էլ խորհրդային շրջանում եմ մեծացել, բայց երբևէ չեմ փորձել հակադրել կամ համեմատել այս երկու տոները: Կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ է ընդունել, մարդիկ տոնում են, կանայք շնորհավորում միմյանց, շնորհավորանքեր լսում արական սեռի ներկայացուցիչների կողմից»,- ասում է ազգագրագետ Պողոսյանը:
Իսկ միամսյակի կապակցությամբ տիկին Պողոսյանը հայ կանանց ասում է իր բարեմաղթանքները. «Ես ցանկանում եմ, որ հայ կանայք երջանիկ լինեն: Հաճախ ասում են կանացի երջանկություն, բայց ես երջանկության տեսակ չեմ տարբերում, պարզապես ցանկանում եմ, որ նրանք ունենան գեղեցիկ, համերաշխ, ներդաշանակ, լավ ընտանիք և լինեն երջանիկ: Ուզում եմ նաև, որ հայ կանայք աշխատեն, անձնականին զուգահեռ ունենան նաև մասնագիտացում, աշխատանքային վերելք»:
Անի Ենոքյան