Լրահոս
Օրվա լրահոսը

Չցանկացան տեղափոխել դիակը

Ապրիլ 07,2012 13:19

Վերահուղարկավորման հայցով դիմել է դատարան

2010թ. հուլիսից Աշոտ Չիթիրյանը չի կարողանում հանել տալ հոր գերեզմանից մեկ այլ հանգուցյալի դիակ, որը գերեզմանատան տնօրինության «բարի» կամքով հանգրվանել է այս նույն գերեզմանում:

2010թ. հուլիսից սկսած՝ «Առավոտն» անդրադարձել է «Արին Բերդ» գերեզմանատանը տեղի ունեցած գերեզմանապղծության արգահատելի դեպքին, այս կապակցությամբ ոստիկանության Էրեբունիի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությանն ու դրա ընթացքին:

2010թ. հուլիսի 12-ին Աշոտ Չիթիրյանը քրոջ հետ այցելեց հոր գերեզմանը, տեսնելով՝ գերեզմանն անարգված է մեկ այլ մարմարե հուշաքարով, տապանաքարով, նույն տեղում ամփոփվել էր մեկ այլ հանգուցյալ: Չգիտեմ, թե ինչ զգացողություն եւ ինչ ապրում կարող է ունենալ հարազատին կորցրած ընտանիքը, երբ նման բանի ականատես լինի:

Ա. Չիթիրյանը մի քանի օր հետո դիմում է «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպության տնօրեն Վարդան Սուքիասյանին, որը հաստատում է, որ, այո, 2009թ.-ին այնտեղ հուղարկավորվել է մեկ այլ հանգուցյալ՝ Գ. Խ.-ն:

Գերեզմանապղծության եւ իրենց գերեզմանատեղին այլ քաղաքացիների տրամադրելու համար Ա. Չիթիրյանը հաղորդում տվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Բաժին ներկայացվեց այն վկայականը, համաձայն որի՝ նշյալ տարածքը 1991թ. օգոստոսի 5-ին տրամադրվել էր Հովհաննես Չիթիրյանին հուղարկավորելու համար:

Հարուցվեց քրեական գործ:

Էրեբունու ոստիկանների հետ «Առավոտը»  2010թ. հոկտեմբերի 27-ին մասնակցեց գերեզմանի բացմանը, մենք նկարահանեցինք այն բոլոր պահերը, երբ պարզվեց, որ նշված գերեզմանում երկու տարբեր հանգուցյալներ կան:

Գործը հետագայում տեղափոխվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Գեւորգյանի վարույթ, որն էլ ողջ ամառ «Առավոտին» հավատացնում էր, թե շոգերն անցնելուն պես դիակը կտեղափոխվի:

Սակայն անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին ավագ քննիչը կարճեց քրեական գործի վարույթը, դադարեցրեց քրեական հետապնդումը գերեզմանատան տնօրինության եւ աշխատակիցների նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական օրենսգրքում կա «առեւտրային կաշառքի հանցակազմ» բառակապակցությունը, այն հանցակազմը, որը չտեսավ, ավաղ, ոստիկանությունը:

Ոստիկանությունն ըստ էության հաստատեց մի բան. հանցագործության մասին իրեն ուղղված որեւէ հաղորդում անիմաստ է, քանի որ քաղաքացին կարող էր ինքնագործունեությամբ կարգավորել իր այդ հարցը, թեկուզ այն կոչվեր հանցագործություն: Աշոտ Չիթիրյանը հաղորդեց, որ պղծել են իր հոր գերեզմանը: Ոստիկանությունը հաստատեց այդ, բայց ոչինչ չձեռնարկեց: Աշոտ Չիթիրյանն իր հոր գերեզմանի պղծման համար հակառակ ձեւով չվարվեց:

Նա դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անծանոթ հանգուցյալի քրոջից եւ թաղման բյուրոյից վերահուղարկավորել Գ.Խ.-ին, ազատել հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանը: Աշոտ Չիթիրյանի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Շիրինյանը:

Մայիսի 3-ին դատավոր Վ. Ասլանյանի կողմից նշանակվել է անդրանիկ դատական նիստը: «Անհերքելի ապացույցների առկայության դեպքում էլ՝ որպես սխալի գիտակցում եւ բարի կամքի դրսեւորում, հանգուցյալի հարազատները չեն ցանկանում տեղափոխել իրենց հարազատի դիակը, պնդելով, թե պահանջում են դատարանի որոշում, ասելով՝ հուշաքար են տեղադրել, իսկ ներողություն խնդրել իմ տառապանքների համար՝ այդպես էլ հարկ չհամարեցին»,- ասում է Աշոտ Չիթիրյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30