Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտրողների թվին ՀՀԿ-ականն էլ է կասկածում

Ապրիլ 07,2012 13:15

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովի խոսքերով՝ Գյումրիում, որտեղ մեկը մյուսին «հոյակապ են ճանաչում», ցուցակների ուռճացված լինել-չլինելը կարելի է պարզել մի շաբաթվա ընթացքում:

Հանրապետության ամենաընչազուրկ ու արտագաղթի ամենամեծ տեմպերն ունեցող Շիրակի մարզում ընտրողների թիվը պաշտոնապես ավելացել է 13 600-ով, իսկ Գյումրիում՝ 6 000-ով: Բնականաբար, այս տվյալները գյումրեցիները որպես հումոր են ընդունում՝ հիշեցնելով, որ իրենց քաղաքը այն եզակի տեղանքներից է, որտեղ գաղտնիքներ չկան, հասարակությունն անգիր գիտի՝ ով ինչպես է ապրում, ինչով է շնչում, ինչու է երկրից հեռանում ու ուր է գնում:

«Առավոտը» Գյումրիում ՀՀԿ-ի հիմնադիրներից մեկից՝ Բորիս Ալեքսանովից հետաքրքրվեց, թե հավատո՞ւմ է արդյոք այս թվերին, եւ մի՞թե դժվար է Շիրակի մարզի մի բուռ ժողովուրդ ունեցող գյուղերում կամ հենց Գյումրու պես փոքր քաղաքում ապացուցել, որ նման ընտրազանգված չկա: «13 հազար թիվը ինձ էլ ինչ-որ տեղ կասկածի տեղիք տվեց, իհարկե՝ սա հիմնավոր չէ, ինչ որ ես ասում եմ, բայց բոլոր դեպքերում իմացեք, որ ընտրացուցակները միայն Հանրապետական կուսակցության խնդիրը չեն: Եթե կա նման արատավոր երեւույթ, կամ ինձ իրավունք վերապահեմ ու ասեմ, եթե կան նման կեղծիքներ, ապա այդ հարցի պարզաբանմանը, ճշգրտմանը կարող են մասնակցել բոլոր քաղաքական ուժերն ու հ/կ-ները, բոլոր շահագրգիռ մարդիկ եւ հանգիստ, մի շաբաթվա մեջ կարող են ապացուցել, թե իրոք նման ուռճացրած թիվ մենք ունե՞նք, թե՞ չունենք: Որովհետեւ, եթե մարդու անուն-ազգանունը ինչ-որ մի հասցեում է գրված, իսկ ինչ-որ մի հասցեն ունի նաեւ իր կողքի հասցեները, եւ կարեի է իմանալ՝ կողքի հասցեն, որտեղ այդ մարդիկ գրանցված են՝ կա՞ն, թե՞ չկան»: Մեր զրուցակցի ասելով՝ դա առավել եւս հեշտ է պարզել Գյումրու պես քաղաքում, որտեղ մեկը մյուսին «հոյակապ է ճանաչում»: Մենք քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից նաեւ հետաքրքրվեցինք, թե որպես Գյումրիում ապրող քաղաքացի՝ գո՞հ է իր կյանքից. անցած 5 տարիների ընթացքում մի դրական տեղաշարժ նկատե՞լ է, որ հիմա ուզում է մարդիկ ձայն տան ՀՀԿ-ին: «Քանի դեռ փողոցով անցնելիս տեսնում եմ, որ մարդիկ աղբարկղերի մեջ ինչ-որ բան են ման գալիս, ես չեմ կարող գոհ լինել: Երկրի նախագահն էլ հարյուր անգամ ասել է՝ չնայած այն ձեռքբերումներին, որ մենք ունեցել ենք այս տարիների ընթացքում, սա ինձ չի բավարարում, որովհետեւ մենք ունենք մարդիկ, որոնք շատ լուրջ սոցիալական խնդիր ունեն: Ես ընդամենը կարող եմ ասել, որ մենք թունելի վերջում լույսը տեսնում ենք եւ կհասնենք դրան: Անշուշտ, պիտի հավատանք, որ փոխենք, եւ կփոխենք»: Մեր դիտարկմանը, թե «Ժառանգության» պատգամավորներից մեկն առաջարկում է «Փոխվեք, որ հավատանք», ավելի տրամաբանական առաջարկ չէ՞, պարոն Ալեքսանովն ասաց. «Նայած, թե ով ինչ մտադրություն ունի: Մի հատ քաղաքական գործիչ էլ կա, խոսքիս համար թող ներեն բոլորը՝ աբիժնիկ կեցվածքով, ասում է՝ այ մարդ, գնացեք, հերիք չէ՞ մնացել եք: Չհասկացա, մենք գնանք, որ դու գա՛ս, մենք որ գնանք, դու որ գաս, էս հանրապետությունը երեւի գլխի վրա շուռ տաս: Ես ինքս էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեմ՝ իմ էսքան աշխատանքային տարիներին ու ավանդին, որ կատարել եմ Գյումրիում, թող տպավորություն չստեղծվի, եթե ես աշխատասենյակ եմ զբաղեցնում, ապահովված եմ ամեն ինչով: Մենք խնդիրներ շատ ունենք, բայց հարկավոր է ոչ թե ամեն օր խավարի մասին խոսել, այլ հարկավոր է օրական ընդամենը մեկ մոմ վառել»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30