Իրացման գոտու բնակիչներին տալիս են բնակարաններ, որոնք արդեն սեփականատերեր ունեն
Կառավարությունը Եվրադատարանում ցույց տալու համար, որ մեր երկրում հարգվում են մարդու իրավունքները, եւ իրենք պատրաստ են հաշտությամբ լուծել իրացման գոտու բնակիչների բողոքը, Եվրոպական դատարանին համոզել է վարույթից հանել այդ բնակիչների գործը, ինչից հետո կառավարությունը նրանց բնակարաններ կտրամադրի: Եվ որպեսզի հարց ու պատասխան այլեւս չծագի իրացման գոտու բնակիչների եւ Եվրադատարանի միջեւ, կառավարությունը տրամադրվելիք բնակարանների վկայականների համարներն էլ է ներկայացրել դատարանին: Սակայն իրացման գոտու բնակիչները չվստահելով կառավարությանը՝ ինքնուրույն հարցում են կատարել եւ պարզել, որ այդ բնակարաններն արդեն սեփականատերեր ունեն:
«Առավոտի» հետ զրույցում օտարման գոտու բնակիչ Սեդրակ Բաղդասարյանն ասաց, որ Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչը՝ ներկայիս զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, Եվրադատարանին խոստացել էր բնակարաններով փոխհատուցում տալ բնակիչներին եւ ներկայացրել Ամիրյան 4/6-ի 31, 40, 63 բնակարանների տվյալները: Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ «Այն ժամանակ մենք առարկեցինք եւ Եվրադատարանին տեղեկացրինք, որ այդ բնակարաններն արդեն վաճառված են, Եվրադատարանը մեզ պատասխանեց՝ ձեր կառավարությունը պարտավորվում է 3 ամսվա ընթացքում քաղաքացիներ Բաղդասարյանին, Ղասաբյանին եւ Ղազարյանին տրամադրել նշված բնակարանները: Այսինքն՝ Եվրադատարանը վստահել է մեր կառավարությանը»: Սակայն օրերս անշարժ գույքի պետական կադաստրից Սեդրակ Բաղդասարյանը գրավոր տեղեկանք է ստացել, որը հաստատում է, որ այն բնակարանները, որոնք պարոն Կոստանյանը Եվրադատարանին վստահեցրել էր, թե տրամադրվելու են հայցվոր բնակիչներին, սեփականության իրավունքով պատկանում են այլ անձանց: Ամիրյան 4/6 31 բնակարանը, որը պետք է հատկացվեր Սեդրակ Բաղդասարյանին, ըստ կադաստրի փաստաթղթի՝ սեփականության իրավունքով պատկանում է «Գոհար» ՓԲԸ-ին: Իսկ նույն հասցեի 40 բնակարանը, որն էլ խոստացվել էր Լեւոն Ղազարյանին, կադաստրի վկայականով պատկանում է Զարուհի Նալբանդյանին: Իրացման գոտու մեկ այլ բնակիչ՝ Գրիշա Ղարիբյանին խոստացած թիվ 63 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված է Գենրիխ Բալյանի անունով:
Կարդացեք նաև
«Ստացվում է՝ ՀՀ կառավարությունը եվրակառույցի առջեւ ստանձնած իր պարտականությունները՝ բացի այն, որ չի կատարում, նույնիսկ «մուտիլովկաներ» է անում: Սա պատիվ չի բերում մեր երկրին, հատկապես, որ մենք լուրջ խնդիրներ ունենք միջազգային մակարդակով՝ ղարաբաղյան հակամարտությունը, Մարտի 1-ը եւ այլն: Ախր, սա տեղական ինչ-որ պարտք ու պահանջի խնդիր չէ, որ տենց ստով փակեն գնա»:
Սեդրակ Բաղդասարյանի վստահեցմամբ՝ կրկին դիմելու են Եվրադատարան՝ նոր փաստեր տրամադրելով եւ պահանջելով վերջնական վճիռ կայացնել. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն հաստատել է, որ մեր կառավարությունը խախտել է մարդու իրավունքները: Այն, որ 18 տարի առաջ մեզ զրկեցին մեր բնակարաններից՝ իբր թե պետական կարիքների համար, ու հիմա մի քանի կառուցապատողներ ձերբակալված են, քանի որ մարդկանցից գումարներ են վերցրել ու «թռել», ստացվում է՝ մեր հողերը իրացրել են ոչ թե պետական կարիքների համար, այլ հանցագործների շահերի ու կարիքների համար»:
Այս նախընտրական շրջանում իրացման գոտու մի շարք բնակիչներ զրկված են նույնիսկ ընտրելու իրավունքից: Պարոն Բաղդասարյանի խոսքերով՝ իրենց միակողմանի հանել են գրանցումից, ու այսօր ընտրացուցակներից նրանց անունները բացակայում են. «Ես վստահ եմ, որ մեր փոխարեն այլ մարդիկ կքվեարկեն՝ իշխանության ներկայացուցիչների օգտին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ