Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետին մրցակի՞ց է հայտնվել

Ապրիլ 07,2012 12:47

Հրազդանում հետաքրքիր ընտրություններ են սպասվում

Հանրապետության թիվ 25 ընտրատարածքում, որը ներառում է Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքը՝ հարակից գյուղերով, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության հինգ թեկնածուներ են առաջադրվել: Մրցակցությունը, սակայն, ընթանալու է երեքի միջեւ՝ ՀԱԿ-ի կողմից առաջադրված Սասուն Միքայելյանի, ՕԵԿ-ի կողմից առաջադրված, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Դավիթ Քոչարյանի: ՀՀԿ-ն այստեղ իր թեկնածուն չունի: Այս կամ այն թեկնածուին սատարելու ներքին հրահանգ բնակիչներին դեռ չի հասել մարզի ՀՀԿ-ական իշխանություններից: Տեղի բնակիչներն ընտրական գործընթացների վերաբերյալ թերահավատ են: Սակայն ասել, որ անտարբերության մթնոլորտ է, սխալ կլիներ, քանի որ, այնուհանդերձ, աշխուժություն եւ ոգեւորություն առկա է: Ուշագրավն այն է, որ մեզ հետ զրուցած քաղաքացիները ոչ թե հակված են իրենց քաղաքացիական կեցվածքով ազդել ընտրությունների արդյունքների վրա, այլ, համենայնդեպս այս պահին, ավելի «թամաշայի» կեցվածք են ընդունել՝ «տեսնենք՝ ով կհաղթի, մի բան կփոխվի՞»: Ի դեպ, առաջինն այստեղ իրենց առատությամբ աչքի են ընկնում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի նախընտրական շտաբները: Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն այս ընտրատարածքից իր գործող պատգամավոր Մխիթար Հարությունյանին ներառել է համամասնական ցուցակում՝ 39-րդ հորիզոնականում: Այլ պարագայում անձի փոփոխությունը գուցե նորմալ ընկալվեր: Տվյալ դեպքում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուն Հարությունյանի ազգականն է, վերջինս էլ ակտիվ աշխատանքներ է տանում կուսակցության եւ իր ազգականի համար: ՕԵԿ-ի ու նրա թեկնածուի համար ակտիվորեն գործի է անցել կադաստրի մարզային կառույցի ղեկավարը՝ Դերենիկ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր ծննդավայր Սոլակ գյուղի իր առանձնատանը մատաղ էր արել, երբ պաշտոնապես հաստատվել էր Մանուկ Վարդանյանի առաջադրումը:

Երեկ «Առավոտը» փորձեց ԲՀԿ-ական պատգամավոր Մխիթար Հարությունյանից պարզել՝ այնուհանդերձ, ի՞նչ պատճառով ինքը մեծամասնական ընտրակարգով չառաջադրեց իր թեկնածությունը եւ փորձում է «առաջ տանել» իր ազգականին: Ի պատասխան մեր հարցի՝ պարոն Հարությունյանն ասաց. «Դավիթ Քոչարյանը ցանկացավ առաջադրվել, այդ պատճառով էլ ես չառաջադրվեցի»: Փարատելով մեր զարմանքը՝ Դավիթ Քոչարյանի ցանկությունը Ձեզ համար հի՞մք է, մեր զրուցակիցը հակադարձեց. «Եվ հիմք է, եւ ես շատ ուրախացա, որ Դավիթի մոտ նման ցանկություն առաջացավ: Մենք արդեն մոտ 15 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվում ենք թիմով: Իհարկե, մինչեւ 1995-96 թվականները որեւէ կուսակցության չենք անդամակցել: ԲՀԿ-ի Հրազդանի տարածքային կառույցը ձեւավորվել է այդ թիմի հիմքով, եւ բացի Դավիթ Քոչարյանից՝ մենք էլի շատ լավ ակտիվ երիտասարդներ ունենք, ովքեր օժտված են քաղաքական գիտելիքներով, տարբեր ժամանակներում ակտիվ հասարակական գործունեություն են ունեցել: Դավիթ Քոչարյանի ցանկությունը ես ուրախությամբ ընդունել եմ եւ պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել նրան՝ դա իրականություն դարձնելու հարցում»: Իրենց ազգական լինելու մասով էլ ասաց, որ դա կապ չունի. «Ես շատ ազգականներ ունեմ, ոչ բոլորն են առաջադրվում պատգամավորության թեկնածու եւ սատարում ստանում: Դավիթ Քոչարյանին սատարելը պայմանավորված է իր պոտենցիալով: Նա լավ պոտենցիալ ունի եւ որպես մարդ, եւ որպես քաղաքական գործիչ, եւ որպես ԱԺ մեծամասնական թեկնածու: Դավիթ Քոչարյանը իրականում հարգված տղա է, եւ դա շատ կարեւոր է: Դա նաեւ պարտավորեցնող է, որ ընտրվելուց հետո իր հարգված տղա լինելու փաստը նա կարողանա պահել, պահպանել»: Մխիթար Հարությունյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ եթե ինքը համամասնական կարգով չհայտնվի խորհրդարանում, գործադիրի ո՞ր օղակում է պատկերացնում իր գործունեությունը. «Մարդն իր կյանքում միսիա ունի կատարելու: Իմ կյանքի ամենամեծ միսիան ես համարում եմ կատարված. Արցախի ազատագրական պայքարին մասնակցելը: Ես մեր հասարակության եւ պետության մեջ միշտ անելիք ունեցել եմ եւ հետագայում նույնպես կունենամ: Քաղաքականությամբ զբաղվել՝ չի նշանակում լինել միայն պատգամավոր: Օրենսդիր աշխատանքը քաղաքական գործունեությամբ զբաղվելու մի ուղղություն է: Ես կշարունակեմ իմ գործունեությունն այնպես, ինչպես ԱԺ պատգամավոր լինելը»: Հիշեցնենք, որ մինչեւ ԱԺ պատգամավոր լինելը Մխիթար Հարությունյանը գործարարությամբ էր զբաղվում՝ Ծաղկաձորի սպորտբազայի տնօրենն էր որոշ ժամանակ, 2007-ի ընտրություններում պարտվեց Սասուն Միքայելյանին, իսկ նրա ձերբակալությունից հետո այդ տարածքից ընտրվեց պատգամավոր: Հետաքրքրվեցինք՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը խոսակցությունները, որ ինքը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, եղել են կուսակցական ղեկավարության հետ նման քննարկումներ: Հարությունյանը հակադարձեց. «Ընդհանրապես, այս կյանքում ցանկությունները որեւէ բան չեն որոշում: Այդ կարգի որոշումներ ես ոչ կայացնում եմ, ոչ էլ նման որոշումների քննարկումներ եմ անցկացրել: Նման խոսակցություն չկա, եւ ես նույնիսկ չեմ հասկանում, թե որտեղից են պտտվում այդ լուրերը: Նման բան չկա, նման որոշում, քննարկում չի եղել, նման ցանկության մասին խոսակցություն չի եղել»:

Հետաքրքրվեցինք, թե ՀԱԿ-ի թեկնածու Սասուն Միքայելյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է մեր զրուցակիցը, մանավանդ, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ Հարությունյանը նրան է սատարել, եւ ինչպիսի՞ն է լինելու ներկայիս պայքարի տրամաբանությունը: «Մենք որեւէ մեկի հետ պայքարելու խնդիր մեր առջեւ չենք դրել: Սասուն Միքայելյանի հետ մենք չենք շփվում, բայց ես նորմալ վերաբերմունք ունեմ նրա նկատմամբ, հարգանքով եմ վերաբերվում եւ իրեն, եւ իր քաղաքական գործունեությանը: Քաղաքական հայացքներով մենք միշտ տարբեր ենք եղել: Իսկ Վարդանյան Մանուկին ես անձնապես շատ լավ ճանաչում եմ, շատ հարգում եմ ու նույնիսկ հետը մտերմիկ հարաբերություններ ունեմ: Ես սատարելու եմ Դավիթ Քոչարյանին եւ կարծում եմ, որ նրա հաջողություն ունենալու հնարավորությունները բավականին մեծ են, ոչ թե համեմատության իմաստով, այլ իրականում՝ այնպես, ինչպես որ կա: Հրազդանի, տարածաշրջանի գյուղերի ակտիվ երիտասարդությունը սատարում է Դավիթ Քոչարյանին: Էդ փաստի հետ հաշվի չնստելը մեր խնդիրը չէ»: Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի օգտին աշխատելուն, Հարությունյանն ասաց. «Դա իրականությանը չի համապատասխանում: Քաղաքականություն է՝ ում ինչ հարմար է խոսել, խոսում են, ոնց հարմար է ընկալել՝ էդպես ընկալում են: Մենք դրանում ողբերգություն չենք տեսնում: Ես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ԲՀԿ-ն Հրազդանի քաղաքապետի ընտրություններում որեւէ թեկնածուի սատարելու որոշում չուներ: ԲՀԿ-ն կողմ է ազատ եւ արդար ընտրություններին, ազատ մրցակցությանը: Ես անձամբ սատարել եմ Արամ Դանիելյանին՝ մեր անձնական հարաբերությունների հաշվին: Նա իմ ընկերն է, մենք մտերիմ հարաբերություններ ունենք»:

Իսկ ԲՀԿ-ՀՀԿ վերջին հակասություններն ի՞նչ ազդեցություն են ունենալու Հրազդանում՝ առաջիկա ընտրությունների ժամանակ, կա՞ն նկատելի հակասություններ՝ հարցին մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Մենք հասարակության հետ բավարար չափով աշխատանք կարողացել ենք տանել մշտապես, ոչ միայն ընտրափուլի ժամանակ: Մեր հասարակության հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք եւ այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ մրցակցության հարթության մեջ չենք դիտարկում մեր աշխատանքները: Մենք որեւէ մեկի հետ մրցակցության մեջ չենք ընտրարշավի ընթացքում: Մենք ուղղակի ի մի ենք բերում հասարակության այն հատվածը, որը մեր կատարած աշխատանքների, մեր ներկայացրած ծրագրերի եւ անձնական հարաբերությունների հաշվին կարող է քվեարկել ԲՀԿ-ի օգտին»: Նկատեցինք, որ Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետը միշտ կարողացել է այդ տարածքից ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներ ապահովել, միշտ կարողացել է իր ցանկություններն իրականություն դարձնել, մեր զրուցակիցը մտավախություններ չունի՞, որ չի կարողանա իր կուսակցական ղեկավարությանը տված խոստումներն իրականացնել: «Մենք տված խոստումներ չունենք: ԲՀԿ-ն ծրագիր ունի, որը ներկայացնելու է հանրությանը, եւ ունենալու ենք մեր աշխատանքին համապատասխան հասարակության վերաբերմունք: Ի՞նչ կստացվի՝ կերեւա»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30