Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը պատրաստ է պայքարին

Ապրիլ 07,2012 12:38

Հարցազրույց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ

– Ինչպե՞ս եք սկսելու քարոզարշավը եւ ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավի ընթացքը:

– Ապրիլի 7-ին ՕԵԿ-ը պատրաստվում է անցկացնել իր առաջին նախընտրական հանրահավաքը Ազատության հրապարակում, հաջորդ օրը պաշտոնապես կազդարարվի քարոզարշավի մեկնարկը, լրատվամիջոցներին եւ հանրությանը կներկայացնենք կուսակցության նախընտրական ծրագիրը, որից հետո կսկսվի բուն նախընտրական արշավը՝ մարզային հանդիպումների շարքը, ըստ սահմանված ժամանակացույցի: «Օրինաց երկիր» կուսակցությունը շահագրգռված է, որպեսզի նախընտրական քարոզարշավը անցնի քաղաքակիրթ խաղի կանոններով, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ոչ թե ցեխ շպրտեն միմյանց վրա, այլ լինի գաղափարների եւ ծրագրերի պայքար, յուրաքանչյուրը ներկայացնի իր կատարած աշխատանքը եւ տեսլականը, այն ծրագիրը, որով գնում է ընտրության, եւ որի արդյունքում ի վերջո պետք է ստանա հասարակության աջակցությունը: Սա է ընտրություններին մասնակցելու եւ ընտրություններ անցկացնելու միակ քաղաքակիրթ ձեւը:

– Պատրա՞ստ է ՕԵԿ-ը քարոզարշավին եւ ծրագրային ինչպիսի՞ նորարարություններ է առաջարկում հանրությանը:

– Մինչեւ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը մենք իրականացրել ենք կազմակերպչական եւ նախապատրաստական հսկայածավալ աշխատանք: Թե կառուցվածքային, թե գաղափարական առումներով ՕԵԿ-ը լիովին պատրաստ է նախընտրական պայքարին: Մենք մշտապես մրցունակ ծրագրեր ենք ներկայացրել հանրությանը եւ հետեւողական ենք եղել դրանց իրականացման հարցում, ինչի շնորհիվ որոշակի ընտրազանգված միշտ մեր կողքին է՝ հավատում եւ վստահում է մեզ: Այս ընտրություններին եւս «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնելու է բավականին հավակնոտ ծրագիր, որը ընդգրկելու է մեր հասարակության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների կարգավորմանը ուղղված մոտեցումներ եւ լուծումներ, որոնք հետագայում անպայման իրականություն կդառնան օրենքների տեսքով: Ավանդաբար ՕԵԿ-ը մեծ ուշադրություն է դարձրել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերին, ուստի այս անգամ եւս մեր նախընտրական ծրագրում ծանրակշիռ տեղ կունենան սոցիալական այնպիսի խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Ինչպես արդեն նշեցի՝ ապրիլի 8-ին մենք պաշտոնապես կներկայացնենք մեր նախընտրական ծրագիրը հասարակության դատին, եւ համոզված եմ, որ այն կարժանանա հասարակական լայն աջակցության:

– Ինչպե՞ս եք վերաբերվում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբ ձեւավորելու՝ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը:

– Անկեղծորեն ուզում եմ խոստովանել, որ առհասարակ ընտրություններում հավասար մրցակցային պայմանների ապահովումը, ընտրական գործընթացի նախապատրաստման եւ անցկացման օրինականության երաշխավորումը մեզ համար մշտապես եղել են առաջնահերթություն: Եվ առաջիկա խորհրդարանական ընտրություններն անմասն չեն դրանից: Ինչպես միշտ, այս անգամ եւս ՕԵԿ նախընտրական շտաբում գործում է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է ընտրողների ցուցակներում տեղ գտած թերություններն ու անճշտությունները, վեր հանում դրանք, հետեւելու է նախընտրական քարոզչության սահմանված կարգին, ընտրական գործընթացին օրինականության պահպանմանն ու պայքարելու է հնարավոր ընտրախախտումների դեմ: «Օրինաց երկրի» համար երկրում լավ ընտրություններ ունենալը գերխնդիր է, իսկ միասնական շտաբի ձեւավորմանը վերաբերվում եմ դրական՝ զուգահեռաբար կարեւորելով միջկուսակցական շփումներն ու տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը:

– Վերջին օրերին մամուլում սուր քննադատության է ենթարկվում ՕԵԿ կանանց համագումարում ունեցած Ձեր ելույթը: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է դրա պատճառը:

– Գիտեք, բազմաթիվ առիթներով ես ասել եմ, որ չարախոսությունը, այլոց սեւացնելու հաշվին միավորներ վաստակելը, կեղծարարությունն ու բանսարկությունը դարձել են մեր քաղաքական կյանքի անբաժանելի մասը: Հենց դրանով են առաջնորդվում որոշ քաղաքական ուժեր, իրենց գործիչներ հռչակած ստորաքարշ արարածներ եւ լրատվական «քիլլերներ»: Եվ հենց այդ համատեքստում է պետք գնահատել ՕԵԿ կանանց համագումարում իմ ելույթի չարամիտ մեկնաբանությունները, որոնք կառուցված են միտքն աղճատելու, կոնտեքստից կտրված նախադասություններ առանձնացնելու, դրանց ստոր եւ հեղինակներին վայել մեկնաբանություններ տալու տրամաբանության վրա: Իսկ շարքն ամբողջականացնում են էժանագին գրչակներն իրենց մտացածինը համացանցում տեղադրելով՝ փոխարենն իրենց եւ առատաձեռն պատվիրատուների անմարդանման պատկերները ներկայացնելով: Վերլուծեք վերջին ամիսների մամուլը, եւ ՕԵԿ-ի դեմ քիլլերական հարձակումների ծավալից Ձեզ պարզ կդառնա, թե ինչ ապարդյուն նպատակ են հետապնդում մեր չարակամներն ու պատվեր կատարողները:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30