Ես ամեն ինչ հասկանում եմ՝ եվրոպական արժեքներ, հանդուրժողականություն, քաղաքական կոռեկտություն եւ այլն: Ինքս էլ կողմ եմ այդ ամենին: Բայց ես չեմ հասկանում, թե ինչու մեր համաքաղաքացիների հատկապես մի մասին մենք պարտավոր ենք գլխներիս վրա ման տալ եւ չհամարձակվել նրանց հասցեին որեւէ թթու խոսք ասել: Խոսքս, ինչպես հասկանում եք, միասեռականների մասին է: Եթե փողոցի որեւէ խաչմերուկում կանգնած է «սովորական»՝ կին մարմնավաճառ, դուք կարող եք կոպտության այս կամ այն աստիճանով խնդրել նրան այնտեղ չկանգնել՝ ենթադրենք, պատճառաբանելով, որ ձեր երեխային տհաճ է նման գործով զբաղվող մի կնոջ տեսնելը: Բայց եթե նույն խաչմերուկում կանգնած է կնոջ նման քսված եւ կանացի համազգեստ հագած արվամոլ մարմնավաճառը, ձեր ցանկացած դիտողության վերաբերյալ նա այնպիսի վայնասուն կբարձրացնի, որ այն մի քանի ժամից կհասնի Եվրոպայի խորհուրդ, եւ ձեր դժգոհությունը անպայման տեղ կգտնի այդ կազմակերպության տարեկան զեկույցում: Հենց այդ նկատառումից ելնելով է, հավանաբար, քաղաքապետարանի դիմաց կանգնած այդ մասնագիտության ամեն մի միասեռականի անվտանգությունը պաշտպանում 4-5 «կարմիր բերետավոր»: Արգելքները, բնականաբար, տարածվում են նաեւ լրագրության վրա, եւ վստահ եմ, որ իմ այս նշումները նույնպես կարժանանան միասեռականների տարբեր կազմակերպությունների բուռն քննարկմանն ու խիստ դատապարտմանը՝ որպես «հոմոֆոբիական»: Ոչ մի պաշտոնյայի, ոչ մի քաղաքական գործչի եւ ոչ մի օլիգարխի հասցեին քննադատությունը չի արժանանում նման արձագանքի:
Ես մինչեւ վերջ չեմ հասկանում, թե ինչու է այդպես: Բայց փաստը մնում է փաստ. իրենց ճնշվածի, հետապնդվողի դերում ներկայացնողներն իրականում շատ հզոր են՝ նրանք թե՛ երկրի ներսում եւ թե՛, մանավանդ, նրա սահմաններից դուրս վայելում են ազդեցիկ մարդկանց հովանավորությունը: Իհարկե, ավանդական կամ ոչ ավանդական կողմնորոշումը ամեն մի մարդու անձնական գործն է, եւ ինչպես այս, այնպես էլ մնացած դեպքերում ոչ ոք իրավունք չունի որոշելու, թե որն է ճիշտը, իսկ որը՝ սխալը: Բայց միասեռականներն այսօր իրենց այնպես են պահում, որ ճիշտը հենց իրենք են եւ հատուկ, նպատակաուղղված ի ցույց են դնում իրենց այդ կողմնորոշումը՝ մասնավորապես փողոցում իրենց նմանների հետ զբաղվելով մարմնավաճառությամբ: Իհարկե, միասեռականների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումները դատապարտելի են, բայց նույնքան դատապարտելի է իրենց՝ սոդոմիստների ագրեսիվությունը: Եվ ինչո՞ւ են նրանք կարծում, թե իրենց հակումներն այնքան լավն են, որ բոլորը պետք է նրանց ծափահարեն: Հավանաբար, մեր պետությունը, բազմաթիվ այլ հարցերում խախտելով մարդկանց իրավունքները, որոշել է գոնե այստեղ խնդիրներ չունենալ:
Իսկ գուցե իսկապես գոյություն ունի աշխարհի ճակատագրի վրա ազդող համասեռամոլների միջազգային լիգա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ