Ես միամիտ մարդ եմ՝ հավատացել եմ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) իսկապես հեռուստատեսությամբ առաջիկա ընտրությունների լուսաբանման մանրամասն մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացնելու եւ իսկապես պատժելու է այն հեռարձակողներին, որոնք կխախտեն ընտրարշավների լուսաբանման օրենքով նախատեսված դրույթները: Եվ որպեսզի մեր հեռուստաընկերությունները, որոնց շատ հարգում ու սիրում եմ, (մանավանդ հանրայինի հանդեպ քնքուշ զգացմունքներ եմ տածում) խուսափեն ՀՌԱՀ-ի պատիժներից, որոշեցի բոլորին հիշեցնել մի երկու օրենսդրական պահանջ եւ խորհուրդ տալ հետեւել դրանց:
Առաջինն ու ամենակարեւորը՝ ընտրությունների անաչառ լուսաբանման պահանջն է, որ առկա է եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, եւ Ընտրական օրենսգրքում: Ահա՝ «Հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով հավասար պայմանների պահպանումը» («Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, հոդված 10): Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածում եւս կա նույն պահանջը՝ 3-րդ մասում պահանջը վերաբերում է հանրային հեռարձակողին, իսկ 5-րդում՝ այն տարածվում է նաեւ «վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների եւ հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձեւից»:
Թեպետ դժվարանում եմ գուշակել, թե ՀՌԱՀ-ը ինչն է համարելու անաչառ, իսկ ինչը աչառու, կամ՝ ինչը գնահատական, ինչը ոչ, այսուհանդերձ, լրագրողներին խորհուրդ կտամ նախընտրական հանդիպումների լուսաբանման ժամանակ խուսափել, օրինակ, «բազմամարդ հանրահավաք», «բուռն օվացիա», «խանդավառ ընտրողներ», «ապակայունացնող հայտարարություն», «էժան սենսացիա», «էժանագին հնարք» եւ նման այլ արտահայտություններից, մեկ էլ տեսար, դա գնահատական համարվեց: Իհարկե, նայած ում հանրահավաքի եւ ում ելույթի մասին այսպես կամ այնպես կարտահայտվես:
Երկրորդ խորհուրդը վերաբերելու է պատգամավորության թեկնածու պաշտոնյաների գործունեության լուսաբանմանը: Ինչպես գիտեք, մեր բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես եթե թեկնածուների ցուցակում են, շատ են սիրում այս ընթացքում կարմիր ժապավեններ կտրել, պատվիրակություն ընդունել, պատեհ ու անպատեհ առիթներով այլ միջոցառումների մասնակցել: Միջոցառումներ, որոնք, ըստ էության, նախընտրական չեն… Բայց դե մի ավելորդ անգամ հասարակությանը երեւալը չէր խանգարի: Ու մեր պաշտոնյան վազում է այնտեղ, իսկ հեռուստանկարահանման խմբերն էլ, բնականաբար, նրա ետեւից: Իսկ հետո՝ բոլոր ալիքներով հայտնվում են ռեպորտաժները դույն պաշտոնյայի պուպուշ կերպարի մասին, առանց, իհարկե, նախընտրական որեւէ տեքստի…
Ասենք, որ Ընտրական օրենսգիրքը նման միջոցառումների լուսաբանման սահմանափակում ունի: Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն ասում է.
«3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների (խոսքը, բնականաբար «Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների» մասին է – Մ. Հ.) գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի եւ ընդունելությունների, ինչպես նաեւ տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած գործունեության»:
Պարտքս եմ համարում իմ սիրելի գործընկեր-հեռուստալրագրողներին զգուշացնել, որ Զատկի պատարագին ներկա լինելն ու էկրանից ժպտալը կառավարության ղեկավարի ու կառավարության անդամների՝ Սահմանադրությամբ սահմանված պարտականություններից չէ, եւ դրան մասնակցության լուսաբանումը մեր աչալուրջ ՀՌԱՀ-ը կարող է դիտել իբրեւ վերը հիշատակված դրույթի խախտում: Նկատի ունեցեք նաեւ, որ ինչ-որ գյուղում աղբյուր-հուշարձանի հիմնարկեքին մասնակցելը շատ-շատ կարելի է տարերային աղետ դիտել (դե այն հիմնավորմամբ, որ պաշտոնյայի շարասյունը հաստատ խցանումներ կառաջացնի տվյալ գյուղի նեղլիկ փողոցում), սակայն սահմանադրական լիազորություն՝ երբեք: Համենայն դեպս, զգույշ մնացեք նաեւ նման միջոցառումները լուսաբանելիս: Իսկ եթե, այսուհանդերձ, լուսաբանել եք, հիշեք, որ Ընտրական օրենսգրքի նույն 22-րդ հոդվածն ունի նաեւ 2-րդ մաս, որում ասված է.
«Եթե իրականացվում է սույն հոդվածում նշված թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում մյուս թեկնածուների գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 19-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար»:
Սկզբի համար՝ այս երկու խորհուրդը գործընկերներիս, որպեսզի հանկարծ չդառնան խիստ աչալուրջ վերահսկողություն իրականացնող ՀՌԱՀ-ի պատիժների թիրախ:
www.media.am