Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում 29-ամյա Արմեն Առաքելյանի վարած «Շկոդա» մակնիշի 17 ԼՍ 870 համարանիշի ավտոմեքենան Կասյան-Գյուլբեկյան փողոցների խաչմերուկում բախվել է 31-ամյա Լիլիթ Տոնոյանի վարած «Կիա» մակնիշի 840 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով «Կիա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վթարից հետո Ա.Առաքելյանը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վթարի վայր ժամանած 1-03 ծառայության աշխատակիցներին Լ.Տոնոյանը հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վթարից 30 րոպե անց փախուստի դիմած Ա.Առաքելյանը ավտոմեքենայով ներկայացել է դեպքի վայր: Այս պահին վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության և Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Տեղում են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: