Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Մենք մեր գործը կանենք՝ անկախ ՀԱԿ-ի մասնակցությունից»

Ապրիլ 06,2012 20:41

Երեկ՝ապրիլի 5-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն իր կուսակցության՝ ՀՀԿ-ի անունից ընտրական գործընթացի բոլոր անմիջական մասնակիցներին առաջարկել էր  քննարկել ՀՀԿ կողմից «Ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոնների» նախագիծը: Դավիթ Հարությունյանը նաեւ վստահություն էր հայտնել, թե այդ առաջարկությունը պատշաճ արձագանք կստանա:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերից մեկը՝ Հայ ազգային կոնգրեսը, արդեն հայտարարել է, որ չի միանալու եւ չի ստորագրելու ՀՀԿ-ի նախաձեռնած փաստաթուղթը՝ պարզաբանելով, թե դա ՀՀԿ-ի կողմից ընդամենը «ուշացած փորձ է՝ չեզոքացնելու այն էֆեկտը, որը հասարակության վրա գործեց 4 ուժերի կողմից միասնական շտաբի մասին հայտարարության ստորագրումը», եւ որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի «հանցագործությունները կոծկող շոուի մեջ մասնակցություն չի ունենա»։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե Դավիթ Հարությունյանի բարձրաձայնած փաստաթղթին չմիանալը ոչ թե ՀՀԿ-ի, այլ ՀԱԿ-ի խնդիրն է. «Այն, որ ՀԱԿ-ն իրական քննարկումների չի մասնակցում, այլ փորձում է քաղաքական հնարքների դիմելով դիվիդենտներ շահել՝ իր խնդիրն է: Ես միշտ ասել եմ, որ եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ կան, կարելի է գործ անել՝ մեջք-մեջքի տված, համախմբված աշխատել, այլ ոչ թե փորձել դա քաղաքական շոուի վերածել կամ փորձել դրանից քաղաքական  դիվիդենտեր շահել»:

Այնուամենայնիվ, կա՞ հույս, որ քաղաքական մյուս ուժերը կարձագանքեն ու կմիանան այդ նախաձեռնությանը: «Մենք հիմա երկու ուղղությամբ ենք աշխատում. նախ՝ ԱԺ նախագահին կից ստեղծել ենք ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ, ու անկախ այն բանից, թե ՀԱԿ-ն այդ նախաձեռնությանը միանո՞ւմ է, թե՞ ոչ (արդեն  հայտնի է, որ Կոնգրեսը հրաժարվել է մասնակցություն ունենալ նաեւ այդ մարմնի աշխատանքներին-խմբ.)  այդ խումբն աշխատելու է»,- հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով, թե կան  բազմաթիվ հասարակական կառույցներ, կան ընտրություններին մասնակցող այլ, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժեր եւս, որոնց ներկայացուցիչները հրավիրվել եւ մասնակցել են խմբի ձեւավորմանն առնչվող քննարկմանը, ու ԱԺ փոխնախագահի ձեւակերպմամբ՝ ով դրան կմասնակցի՝ կմասնակցի հանուն երկրի ապագայի: «Մենք դա անում ենք գործ անելու եւ ոչ թե շոուի համար»,- եզրափակեց Շարմազանովը: Ըստ նրա,  ՀԱԿ-ն ընդամենը մեր հասարակության, ընդդիմադիր զանգվածի միայն մի հատվածի շահերը կարող է պաշտպանել, իսկ «ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից հանդես գալու՝ բացի ՀՀ նախագահից եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսից»:

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի ներկայացրած վարքականոնին, ապա Շարմազանովի մատուցմամբ՝ «մարդը բան է առաջարկել, ու ոմանք էլ կարող են դա վերապահումով ընդունել՝ խնդիր չկա: Չեմ կարծում, թե այնտեղ կար մի կետ, որը չէր կարելի ընդունել»:

Հարցրինք նաեւ՝ այդ փաստաթղթի բովանդակությունը քննարկման, վերամշակման ենթակա՞ է, թե՞ ինչպես կա այդպես էլ առաջարկվում է ստորագրել: «Երբ մեր գործընկերները կատեգորիկ կերպով «ոչ» են ասում՝ դա վատ է, երբ վերապահումով են «ոչ» ասում՝ արդեն իրենցից է կախված: Մենք միշտ բաց ենք եղել երկխոսության եւ բովանդակային քննարկումների համար, ոչ թե PR-ների»,- եզրափակեց Շարմազանովը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30