Հայաստանի ազգային պատկերասրահի և“Կոսմոպոլիտան Հայաստան՚” ամսագրի համատեղ կազմակերպած “Նորաձևությունը արվեստում” պայմանական խորագիրը կրող ցուցահանդեսին արվեստաբանի և արվեստասերի իմ սուրբ պարտքը ես հանձնեցի միայն այսօր: Ստացած հետաքրքիր և իրարամերժ զգացողությունները հանգիստ չտվեցին ողջ օրվա ընթացքում: Ցուցադրությունը, որքան էլ բնույթով նոր և հետաքրքիր, ինձ մոտ մի շարք հարցեր ու դժգոհություն առաջացրեց:
Այսօր, երբ ողջ աշխարհում ցուցադրությունները արարում են ամբողջական ընկալման, ինտերակտիվ սկզբունքով, ՀԱՊ-ում փորձում են համաշխարհային բրենդային հագուստի նմուշներում աղերսներ գտնել 19-20-րդ դարերի հայ մեծ վարպետների ստեղծած կանանց կերպարների և վերջիններիս հանդերձանքի հետ: Շատ գովելի է ժառանգության վրա հետադարձ հայացք նետելով ներկան արժեվորելու ձգտումը, սակայն առաջանում է հարց. ի՞նչ կապ ունեն մեծանուն բրենդային հագուստի նմուշները անցյալ դարի հայ կանանց կերպարների և նրանց հանդերձանքի հետ. եթե ցուցադրության նպատակն է հանրությանը ծանոթացնել նշված դարերի հայ իրականությանը բնորոշ հագուստին, դա կարելի էր անել նաև առանց վերջիններիս, իսկ եթե իսկապես փորձ է արվել անցյալի ֆոնին ներկայացնել նաև ներկայիս ընկալումներն ու ճաշակը, գուցե արդարացի կլինե՞ր ցուցադրության գաղափարը փրկելու համար ներկայացնել ժամանակակից հայ մոդելավորող-դիզայներների արարած հագուստները: Գուցե..
Նշեմ նաև, որ առկա էր ժամանակային և էսթետիկ մեծ բացթողում. 19-20-րդ դարերի հայ գեղանկարչության անվանի վարպետների աշխատանքների շարքում համեստորեն հայտնվել էին ՀԱՊ-ի ներկայիս տնօրեն Փարավոն Միրզոյանի թվով երկու կտավները և դա երկու փոքր ցուցասրահների պայմաններում: Այս առումով ևս չեմ հասկանում էքսպոզիցիայի կառուցման սկզբունքը և ներքին բովանդակության նպատակը:
Տեխնիկական առումով, թերությունները չէին սահմանափակվում միայն ՀԱՊ-ին բնորոշ լուսավորության սխալ մատուցմամբ. կտավների միջև տեղադրված, նորաձև հագնված խրտվիլակները սրահի գրեթե բոլոր անկյուններից իրենց շքեղությամբ և տեղադրությամբ փակում էին աշխատանքները և մթագնում վերջիններիս իրենց ստվերով: Գուցե ցուցադրությունը ըստ արժանվույն ընկալվեր, եթե ցուցասրահի երիտասարդ հսկիչները չլինեին խիստ աշխույժ և չզբաղվեին կողմնակի գռեհիկ խոսակցություններով և այլ գործերով:
Կարդացեք նաև
Ինչևէ, իմ ստացած տհաճ տպավորությունների մեղքը չբարդելով գեղեցկուհի հսկիչների վրա, մեծ հույս ունեմ, որ կգա մի օր , երբ երկրիս առաջին կարևորության գեղարվեստական ինստիտուտում կսկսեն ավելի պրոֆեսիոնալ և բարեխիղճ մոտեցում ցուցաբերել իրենց պարտականություններին և գեղարվեստական ժառանգության արժանի ներկայացմանը, իսկ տաղանդաշատ արվեստաբանները առավել ուշադիր և կոմպետենտ կգտնվեն նմանօրինակ իրադարձությունները հանրությանը ներկայացնելու գործում: