«Առաջ ընկերուհիս հաճախ էր հեծանիվ քշում, սակայն այն բանից հետո, երբ խնդիրներ ունեցավ սեռական օրգանների շրջանում` բժիշկն արգելեց նրան զբաղվել այդ սպորտով», – ասում է համակարգչային ծրագրավորող Սաթեն Մուրադյանը:
Ըստ well.blogs.nytimes.com կայքի` 2006 թվականին ամերիկյան Յել Համալսարանի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ հեծանիվից օգտվելը կարող է տղամարդկանց մոտ առաջացնել էրեկտիլ դիսֆունկցիա, իսկ կանանց մոտ` սեռական օրգանների այլ խնդիրներ: Մասնագետների համոզմամբ, հեծանիվին երկար ժամանակ նստելը կանանց մոտ սեռական օրգանների շրջանում կարող է թմրություն և ցավ առաջանալ: Պատճառը հեծանիվի նստատեղի ձևն է, որի ժամանակ մարմնի քաշը սովորաբար ընկնում է նստատեղի ծայրին, որն էլ կարող է սեղմել տվյալ շրջանի նյարդերն ու արյան անոթները:
«Ներքին ձայնս ասում էր, որ հեծանիվը, բացի դրական կողմերից կարող է նաև շատ վտանգավոր հետևանքներ ունենալ թե կանանց, թե տղամարդկանց առողջության համար», – վստահ ասում է գանձապահ Մարինե Հայրապետյանը:
Գիտնականները բացահայտել են, որ այդօրինակ հիվանդություններ կարող են ի հայտ գալ ինչպես կին հեծանվորդների, այնպես էլ վազորդ տղամարդկանց մոտ: Այդ հիվանդությունների առաջացման պատճառը հասկանալու համար հետազոտողները փորձ են անցկացրել 48 հեծանվորդ կանանց հետ և լաբորատորիայում հատուկ սարքի միջոցով ստուգել հեծանիվների նստատեղի ազդեցությունը սեռական օրգանների վրա: Փորձը ցույց է տվել, որ սեռական օրգաններում կանանց մեծ մասը թմրություն և ցավ են զգացել: Հեծանիվի նստատեղի համեմատ ցածր բռնակների դիրքն ավելի էր ճնշում և ցավ առաջացնում փափուկ հյուսվածքում (շեք)` միաժամանակ նվազեցնելով այդ շրջանի զգացողությունը: Փաստորեն, որքան ցածր են հեծանիվի բռնակները, նստատեղի հարաբերությամբ, այդքան ավելի մեծ է առաջ հենվելու հավանականությունը, քանի որ մարմինի կշռի մեծ մասն ընկնում է շեքի վրա:
«Մենք փորձում ենք ցույց տալ, որ ռիսկային գոտում կարող են հայտնվել ոչ միայն հեծանվորդ, այլև վազորդ կանայք և տղամարդիկ», – ասում է Ամերիկայի Յել Համալսարանի բժիշկ գինեկոլոգ, մանկաբարձ և վերարտադրողական գիտությունների պրոֆեսոր Մարշա Ք. Գեսը: Ըստ մասնագիտական ապահովության և առողջության ազգային ինստիտուտի գիտնական Սթիվն Մ. Շրեդրի` հետազոտության արդյունքները կօգնեն ավելի աչալուրջ լինել այդ խնդրի վերաբերյալ: Վերջինի կարծիքով, Ամերիկայում կատարած հետազոտությունը և ռիսկի կանխումը կնպաստի նաև տղամարդկանց մոտ նույն խնդրի վերացմանը: «Շեքի և նստատեղի ոսկրերի ցավի նվազեցման կամ վերացման լավագույն ճանապարհներից մեկը հեծանիվի նստատեղի ձևի ճիշտ ընտրությունն է», – հավելում է բժիշկ Շրեդրը: Սակայն դեռ վերջնականապես չի բացահայտվել առանց քթանման եզրի հեծանիվի նստատեղի ազդեցությունը կանանց սեռական առողջության վրա:
Ելենա Չոբանյան