Հայաստանյան բլոգեր ու ակտիվ «ֆեյսբուքցի» «Փիղը»՝ Տիգրան Քոչարյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով առաջիկա ընտրություններին ԲՀԿ-ի մասնակցության մասին, կարծիք հայտնեց, թե այդ կուսակցության ընտրազանգվածը սպեցիֆիկ է ու անկախ ամեն ինչից՝ ընտրելու է այդ կուսակցությանը, եւ ոչ միայն նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ընտրված տեսնելու համար, այլեւ ընտրելով այն մարդուն, որը, մտածում են, կանգնած է ԲՀԿ-ի թիկունքին: Հենց այս համատեքստում էլ սահուն անցում կատարելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, բլոգերն ասաց. «Լեւոն Տեր–Պետրոսյանի հավաքած ձայներից հետո ես ամեն ինչին էլ կհավատամ: Եթե Տեր–Պետրոսյանը լրիվ բացասական վարկանիշ ունենալով մտավ ընտրապայքարի մեջ, տարբեր միջոցներով եւ տեխնոլոգիաների կիրառմամբ ստիպեց ժողովրդին մոռանալ, թե ինչ էր կատարվում իր իշխանության ժամանակ, որ այս ամենի՝ եւ ընտրակեղծիքների, եւ թալանի, եւ օլիգարխիայի ձեւավորման կնքահայրն ինքն է, ապա, իմ կարծիքով, Քոչարյանին էլ իր անցյալը չի խանգարի: Քոչարյանի վերադարձի հավանական հիմքը, օրինակ՝ եթե հետեւեք 2rd.am կայքում անցկացվող հարցումներին, կարող է լինել այն տնտեսական վատ վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Եթե համեմատենք երեք նախագահների օրոք եղած տնտեսական վիճակը, լավագույնը բոլոր չափանիշներով, ու նույնիսկ Հրանտ Բագրատյանի ու Լեւոն Տեր–Պետրոսյանի գնահատմամբ, եղել է 2006-2007թթ.–երին: Իսկ եթե հիշենք 1998-ի կամ 2002-ի վիճակը, ու թե ժողովուրդն ինչու էր ընտրում Կարեն Դեմիրճյանին կամ Ստեփան Դեմիրճյանին, պիտի հասկանալի լինի, որ Քոչարյանը կարող է իր մուտքը սկսել հենց դրանից: Թեեւ անձամբ ես չեմ հավատում, որ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ կարող են շատ լուրջ կամ մեծ տարաձայնություններ լինել: Իրենք ինձ համար միշտ նման են եղել ռուսական զինանշանի երկգլխանի արծվին»:
Միաժամանակ Տիգրան Քոչարյանը կարծիք հայտնեց, թե՝ Հայաստանում պետք է բացառել քաղաքական ռեինկարնացիաները ու ցիկլի մեջ չընկնել ու չփորձել ի հեճուկս գործող նախագահի ասպարեզ բերել նախորդին: «Ես կողմ եմ, որ հետագայում փորձենք ձերբազատվել «եռանախագահությունից», եւ ժողովրդին չգցենք այդ ցիկլի մեջ՝ եթե Սերժը չի, ուրեմն՝ Լեւոնը կամ Քոչարյանը պետք է լինի: Այո, բոլոր երեք նախագահներն էլ իրենց լավ ու վատով իրենց վաստակն ունեն այս երկիրը կառուցելու գործում, բայց նրանց վերակենդանացումն իսկական ճահիճ է»:
Հարցրինք՝ իսկ ո՞ւմ է տեսնում որպես նախագահի թեկնածու, նոր դեմք: «Այս պահին ես չեմ տեսնում, թե հաջորդ նախագահական ընտրություններին ո՞վ պիտի գա, որ ժողովուրդը նրա ետեւից գնա»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցադրմանն՝ Վարդան Օսկանյանին տեսնո՞ւմ եք այդ պաշտոնում, կամ Դավիթ Հարությունյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին՝ Տիգրան Քոչարյանը պատասխանեց. «Ձեր թվարկածներից ամենամեծ շանսերը Րաֆֆի Հովհաննիսյանն ունի, որովհետեւ հասարակությունը նրան ճանաչում է, դրական ռեզոնանս ունի: Այս մեկ տարում նոր թեկնածություն աճեցնելը դժվար կլինի: Կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինեն հաջորդ նախագահական ընտրությունները, երբ վերարտադրվելու համար իշխանություններն էլ ստիպված կլինեն նոր թեկնածու առաջադրել»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ