«ՄԳԱ Վոթըր» ընկերությունը, որը սպառողներին հայտնի է «Մաքուր ջուր» ապրանքանիշով, դատարանում կբողոքարկի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը: Հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր»-ին մեղադրել էր անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու մեջ: Ըստ տնտեսվարողի տարածած հաղորդագրության, իրենց ընկերությունը 9 տարի է՝ շշալցնում է Գառնիի աղբյուրների ջուրը, որը խողովակի միջով հոսում է արտադրամաս. «Ընկերությունը երբեք սպառողներից չի թաքցրել «Մաքուր ջրի» հումքային ծագումը եւ հետեւողականորեն պատշաճ տեղեկատվություն է տրամադրել: Նշենք, որ ընկերությունը հարցով դիմել է Ստանդարտների ազգային ինստիտուտ, որից ստացել է պաշտոնական պատասխան առ այն, որ Հայաստանում գործող և ոչ մի օրենքում չկա «բնական աղբյուրի խմելու ջուր» հասկացության կոնկրետ ամրագրում: Հետևաբար նման պարագայում հանձնաժողովի կողմից այս բառակապակցության վիճարկումը չունի հիմքեր, այլ միայն հիմնված է անդամների տրամաբանության վրա: Հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության մասին իր ձևակերպումներում գործածել էր «ստվերային դաշտում» աշխատող, «պետությանը խոշոր չափի վնաս հասցնող», «սպառողների իրավունքները ոտնահարող» և այլ արտահայտություններ, որոնք, ընկերության ղեկավարության հավաստմամբ՝ անհիմն են»
«ՄԳԱ Վոթըր» ընկերության փոխտնօրեն Հակոբ Մաթոսյանի խոսքերով. «Ունենալով ոչ բավարար տեղեկատվություն ջրի մաքրման եւ շշալցման տեխնոլոգիական գործընթացի մասին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները եկել են անհիմն եզրահանգման` ենթադրելով, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության գործունեության տնտեսության մի մասը ստվերում է: Այսպիսով, նրանք ոչ միայն հանրության աչքերում վարկաբեկում են ընկերությանը, այլեւ կասկածի տակ են դնում հարկային մարմինների աշխատանքը, որոնք պարբերաբար ստուգումներ են անցկացրել ընկերությունում և նման խախտումներ չեն հայտնաբերել: Հատկանշական մեկ փաստ. հանձնաժողովի մասնագետները նույնիսկ հարկ չեն համարել այցելել ընկերության արտադրամաս, չեն ծանոթացել շշալցման բուն գործընթացին, միայն հիմնվել են մրցակից կազմակերպության բողոքի վրա: Հետեւաբար զարմանք է հարուցում պետական ծառայողների նման անփույթ վարքագիծը, առավել եւս` նրանց արած անհիմն եւ անպատասխանատու հայտարարությունները: Նման պահվածքով հենց իրենք են խոշոր չափի վնաս հասցնում պետությանը. պահելով մրցակից ընկերության կողմը, կատարում են իրենց գործառույթին հակառակ գործառույթ` ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ, նպաստելով տնտեսական դաշտում մենաշնորհային դիրքի առաջացմանը: Եվ, վերջապես, լինելով պետական հանձնաժողով, այս կառույցը շահագրգիռ չէ պետության միջազգային վարկանիշի եւ ներդրումային ֆոնի պահպանման գործում: Հիշեցնենք, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը ստեղծված է արտասահմանյան ներդրումների շնորհիվ»:
Կարդացեք նաև