«Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը որոշել է մի քանի օրից Մարզահամերգային համալիրի շուրջը կազմակերպել հերթական շուրջպարը:, Aravot.am-ի հետ զրույցում, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե այդ ավանդական քոչարին այս ժամանակահատվածում պարելը կապ չունի՞ ընտրությունների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Նիգ-Ապարանը հասարակական կառույց է եւ իրավունք չունի կուսակցական միջոցառումների մասնակցել»: Քանի որ քննարկվում էր այդ միջոցառումը կազմակերպել ապրիլի 7-ին կամ 9-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը քրիստոնեաբար նկատեց, որ «Նիգ-Ապարանը» դա կազմակերպելով ամսի 9-ին՝ մեռելոցի օրը, հավանաբար ուզում է հարգել անդրաշխարհ անցած մարդկանց հիշատակը. «Եթե ուզում են դրանով ազդարարել նաեւ նիգ-ապարանցիների հավատամքը ազատ, արդար ընտրությունների նկատմամբ եւ պար բռնել իրենց խղճի համապատասխան՝ ես խնդիր չեմ տեսնում»:
Օրվա զուգադիպումն ընտրությունների հետ այնուամենայնիվ պարոն Հովհաննիսյանի մոտ էլ է հարց առաջացնում. «Այդ հասարակական հայրենակցական կազմակերպությունը, որը նույնպես բարեգործական եւ հայրենակցական լավ գործեր է անում՝ հերթական անգամ հատո՞ւմ է այդ սահմանը, որն արգելված է, այսինքն՝ քաղաքական, կուսակցական մասնակցության սահմանը: Անհրաժեշտ է, որ ինքը նույնպես ենթարկվի միեւնույն օրենքին եւ Սահմանադրությանը, ինչ բոլորս: Եթե խախտում է , անկախ նրանից, թե իր ղեկավարը, նախագահն ով է, պետք է նույն պատասխանատվությունը կրի օրենքների առջեւ իր քայլերի համար»:
Մեր դիտարկմանը, որ իրենք քրիստոնեաբար չեն մտածում՝ կանանց միամսյակն են տոնում դրանով, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ուրեմն թող ամփոփեն կանանց միամսյակը եւ ազդարարեն Հայաստանի քաղաքացու ազատագրման միամսյակը, թող իրենց վարքով ցույց տան, որ ՀՀ քաղաքացու ազատագրմանն է ուղղված իրենց պարը եւ ոչ երբեք որեւէ տեղանվան, ծննդավայրի, որեւէ հայրենակցական միության ապօրինի եւ անտեղի քաղաքականացմանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ